«Մաքս-կոնցեռնի», որի կազմում ընդգրկված է նաեւ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, ղեկավար, Հանրապետական կուսակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը մտադիր է դատական կարգով բողոքարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, որով Լուսակերտի ֆաբրիկան մեղադրվում է հավկիթների նախամանորյա թանկացման մեջ: Նշենք, որ Հանձնաժողովը 100 մլն դրամի տուգանքի որոշում է կայացրել ԼՏԹՖ-ի նկատմամբ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Խաչիկ Մանուկյանն ասել է, թե հանձնաժողովի այդ որոշմանը հումորով  է վերաբերվում: «Իսկ ուրիշ ի՞նչ կերպ վերաբերվել: Հանձնաժողովն ինձ տուգանել է 100 մլն դրամով, բայց դեռ պետք է կարողանան ինձնից ստանալ այդ գումարները, քանի որ ես այդ որոշումը բողոքարկելու եմ դատարանում: Այդ հանձնաժողովը պարզապես նկարչությամբ է զբաղվում, բայց դրա անդամները անտաղանդ նկարիչներ են եւ չեն կարողանում լավ նկարներ նկարել: Հանձնաժողովի նախագահը բուռն գործունեության պատրանք է ստեղծում, որպեսզի ընդգծի իր աշխատանքը երկրի ղեկավարության աչքում: Դե թիրախ էլ ինձ են ընտրել: Հավանաբար նրանց դուր չեն գալիս մեր ձվերը, կամ էլ ինձ քավության նոխազ են համարում եւ կարծում են, որ ես հեշտ թիրախ եմ, բայց կրկնեմ` մտադիր եմ բողոքարկել այդ որոշումը եւ չեմ վճարելու այդ 100 մլն դրամը»:

Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր այսօրվա` մարտի 30-ի նիստում «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերությանը ճանաչել է գերիշխող դիրքը չարաշահող եւ 100 մլն դրամի տուգանք նշանակել (2009-ին ընկերության հասույթի 2 տոկոսի չափով):

Հանձնաժողովը ձվի շուկայում առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 ընկերություններից պահանջել էր համապատասխան տեղեկություններ տրամադրել։ Ստուգումների արդյունքի հիման վրա հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ։ «Արաքս» ընկերության նկատմամբ նույնպես հարուցվել է վարույթ, որն ընթացքի մեջ է:

6 ընկերությունների կողմից Հանձնաժողովին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ ավելացման օրերին գյուղարտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին։ Մասնավորապես, 2010թ. դեկտեմբերի 27-ին ընկերության պահեստներում պահեստավորված է եղել ավելի քան 760 հազար հատ ձու։ 2010թ. դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում սուր դեֆիցիտ է եղել, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է շուրջ 4,5 մլն հատ, որի 83 տոկոսը բաժին է ընկել հենց ԼՏԹՖ-ին։ Դեկտեմբերի վերջին օրերին այս ընկերությունն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն՝ չի իրացրել արտադրած ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը:

ՏՄՊՊ հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ շատ հաշիվ-ապրանքագրեր արժանահավատ չեն։ Կան դեպքեր, երբ կեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները: Օրինակ, ԼՏԹՖ-ի իրացման փաստաթղթերից երեւում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն իրացրել է 220 հազ. հատ ձու։ Սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետն իրականում 120 հազ. ձու է ստացել։ ԼՏԹՖ ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը առարկել է ներկայացված փաստերի դեմ, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կոչ է արել «մտահոգությունները գրավոր ներկայացնել»:

Շաբոյանը նաեւ նշել է, որ ԼՏԹՖ-ն արհեստական դեֆիցիտ է ստեղծել շուկայում: