News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, որտեղ տեղի ունեցավ «Հայաստանը՝ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց» խորագրով քննարկում լիտվացի առաջատար փորձագետների հետ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ուրախ է լինել պաշտոնական այցով Վիլնյուսում, եւ իր համար մեծ պատիվ է, որ այս քննարկմանը ներկա է նաեւ Լիտվայի անկախացման գործընթացի առաջնորդներից Վիտաուտաս Լանցբերգիսը:

«Մենք փոքր պետություններ ենք աշխարհի քարտեզի վրա, սակայն մենք ժողովուրդներ ենք, որոնք առանձնահատուկ ուժեղ զգացում ունեն ազատության եւ անկախության նկատմամբ: Պարո՛ն Լանցբերգիս, Ձեր ներկայությունն այսօր ինձ հիշեցրեց այն շատ կարեւոր ժամանակաշրջանը, երբ Հայաստանը եւ Լիտվան, այլ փոքր ազատասեր ժողովուրդների հետ միասին, պայքարում էին իրենց անկախության համար»:

Քննարկմանը նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ գերակայությունները, ինչպես նաեւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը. «Անկախությունից ի վեր մենք հռչակել ենք մեր հանձնառությունը, նպատակը՝ կառուցելու եվրոպական մոդելի պետություն, պետություն, որը հավատարիմ է ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների սկզբունքներին ու կանոններին:

Այս 28 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մեր երկրում բազմաթիվ փոփոխությունների: Ունեցել ենք եւ՛ առաջընթաց, եւ՛ խնդիրներ: Այս 28 տարիների ընթացքում մեր պատմության մեջ եղել են ողբերգական դրվագներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք հետեւողականորեն առաջ ենք շարժվել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեր ժողովրդի հաստատուն վճռականության դրսեւորումն էր՝ լուծելու խնդիրները եւ շարժվելու առաջ  անկախությամբ ամրագրված սկզբունքների ամրապնդման իրավական ճանապարհով»:

Իր խոսքում ԱԳ նախարարը նաեւ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած արժեքները եւ սկզբունքները. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է արժեքների վրա: Մենք շատ հպարտ ենք մեր ինքնության, քաղաքակրթական ժառանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների նկատմամբ մեր հանձնառությամբ: Դրանք կարեւոր սկզբունքներ եւ արժեքներ են, որոնք վերաբերում են մեր արտաքին քաղաքականությանը: Մենք, իհարկե, նաեւ հաշվի ենք առնում փոփոխվող աշխարհում Հայաստանի շահերի պահպանմանը եւ ամրապնդմանն առնչվող մարտահրավերները:

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա։ Եվ՛ Հայաստանում, եւ՛ Հայաստանից դուրս մենք շատ հաճախ բախվում ենք  Հայաստանի կողմ կամ դեմ դիրքորոշումների վերաբերյալ դատողությունների եւ գնահատականների։ Մենք վճռականորեն պնդում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես հայաստանամետ է․ այն ուղղորդվում է Հայաստանի ազգային շահով։

Եվ ավելին, մենք ունենք համահայկական շահը պահպանելու կարեւոր սկզբունք, քանի որ մենք ազգ ենք, որը փոքրաթիվ է, բայց՝ սփռված ամբողջ աշխարհում։  20-րդ դարասկզբին տեղի ունեցած Ցեղասպանության հետեւանքով մենք դարձել ենք ինստիտուցիոնալիզացված սփյուռք ունեցող ազգ։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն իրենց ապաստան տված երկրներում դրսեւորել են իրենց որպես նվիրված քաղաքացի, որոնք աշխարհի տարբեր մասերում ունակ են եղել տարբեր կառույցների միջոցով պահպանել իրենց ինքնությունը։ Եվ այդ կարողությունը շատ կարեւոր է եւ՛ մեր՝ որպես հավաքական ազգի համար, եւ՛ ներկայումս որպես ազգ-պետություն. այն մեր զարգացմանը նպաստելու մեծ ներուժ է պարունակում։

Եվ ի վերջո, փոխգործակցության մեր հաստատակամությունը՝ որպես արտաքին քաղաքականության սկզբունք, եղել եւ մնում է անխախտ:

Մենք հնչեցրել ենք դա եւս մեկ անգամ արտաքին քաղաքականության համատեքտում նաեւ ներկայիս կառավարության գործընկերության, մեր բոլոր գործընկերների հետ հարաբերությունների խորացման շրջանակներում, ովքեր այս կամ այն կերպ մեր գլոբալ, տարածաշրջանային փոխգործակցությունների մասնակիցներն են, եւ ում հետ մենք աշխատում ենք՝ փոխադարձաբար ամրապնդելու մեր օրակարգերը, մեր ազգային անվտանգությունը»:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձեւաչափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ