News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թուրքիա աշխատելու մեկնած ադրբեջանցիները դժգոհում են կյանքի ծանր պայմաններից, բայց վերադառնալ չեն ցանկանում։ Այս մասին է meydan.tv-ի ռեպորտաժը։

Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանում շատ ադրբեջանցիներ են ապրում։ Նրանք այստեղ են եկել աշխատելու եւ հիմնականում նախիջեւանցիներ են։ Զոդող Ռամիզ Ֆարզալիեւն ասում է, որ Նախիջեւանում մարդ չի մնացել։ «Ոչ միայն Նախիջեւանում, այլեւ ամբողջ Ադրբեջանում»,- ճշտում է Ֆարզալիեւը։ «Գուցե Իլհամ Ալիեւը տեսնի մեզ եւ խղճա»,- ասում է Ֆարզալիեւը՝ ցուցադրելով սպիապատ ձեռքերը։

Թուրքիայում ադրբեջանցիները հիմնականում աշխատում են կարի ֆաբրիկաներում եւ շինարարական ոլորտում։ Ստանում են նվազագույնից ցածր աշխատավարձ։ Եթե Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 2 հազար լիրա (մոտ 550 դոլար), ադրբեջանցիները կարող են ամսական 1000-1200 լիրայի հույս ունենալ։

Դեղագործ Ասիֆ Օրուջեւը Թուրքիա աշխատելու է եկել, երբ հայրենիքում մասնավորեցրել են այն ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, եւ նա կորցրել է աշխատանքը։ Նա արդեն 14 տարի Թուրքիայում է։

Թուրքիայում աշխատելու համար ամեն ամիս պետք է վիզա ստանալ։ Բայց ադրբեջանցիներն ասում են, որ աշխատավարձի կեսը ծախսվում է փաստաթղթերի եւ ճանապարհի վրա։ Աշխատանքի թույլտվություն չունենալու տուգանքը 330 լիրա է (մոտ 70 դոլար)։ Բայց կան նաեւ այնպիսիները, որոնք աշխատում են առանց թույլտվության։ Նրանք չեն կարող օգտվել ոչ մի սոցիալական, բժշկական ծառայությունից։ Երեխաները չեն կարող կրթություն ստանալ։

«Երեխաներն աշխատում են։ Իսկ հնարավո՞ր է արդյոք աշխատել եւ սովորել։ Կան այնպիսիները, որոնք անգամ տառաճանաչ չեն»,- ասում է Ասիֆ Օրուջեւը։

Մաթանաթ Հուսեյնովան Թուրքիա է եկել 17 տարի առաջ։ Ընտանիքն ապրում է կիսանկուղային շինությունում եւ ուրախ է, որ գոնե պատուհան կա, որից արեւի լույսն է ներս ընկնում։ Ծանոթներից ոմանք դա էլ չունեն։ Հուսեյնովան ասում է, որ կվերադառնար հայրենիք, եթե աշխատանք լիներ։ Թուրքիայում կյանքը հեշտ չէ, ոչինչ չի ստացվում հետ գցել, բոլոր եկամուտները գնում են վարձին եւ ուտելիքին, ասում է Հուսեյնովան։

Ադրբեջանցիներն ասում են, որ Թուրքիայում էլ են վատ ապրում։ Բայց այստեղ նրանք գոնե կարող են գոյատեւել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ