News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման արդյունքը հասել է իր բարձրակետին եւ հիմա նվազում է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այդ ճնշումն, իհարկե, մարդկանց կյանքի վրա բացասական ազդեցություն է ունեցել, բայց այն հասել է իր բարձրակետին եւ հիմա անկման է գնում»,- ասել է Ռոհանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

Նա հավելել է, որ «վերջին ամիսներին նկատվում է երկրի տնտեսական ցուցանիշների բարելավում»: «Սա չի նշանակում բնակչության բոլոր խնդիրների լուծում, բայց պետությունն ու նրա ներկայացուցիչները ի վիճակի են [երկիրն] ուղղել իրավիճակի նորմալացմանը»,- ասել է Ռոհանին:

Մեղադրանքներ ԱՄՆ-ի կողմից

Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին մասնակցության մեջ Իրանին մեղադրել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով, հայտարարել է Ռոհանին:

«Քաղաքականության կառուցողական մթնոլորտ ստեղծելու փոխարեն, ԱՄՆ-ում փորձում են մեղադանքների հաշվին սաստկացնել Իրանի վրա ճնշումը եւ այդ նպատակով կատարում են հիմնազուրկ ու անիմաստ հայտարարություններ»,- նշել է Իրանի նախագահը:

Նա հավելել է, որ «իրանցի ժողովուրդը խաղաղության, դիվանագիտության եւ երկխոսության կողմնակից է»: «Ոչ մի երկիր պատրաստ չէ բանակցություններ վարել առավելագույն ճնշման պայմաններում: Եթե ամերիկացիներն իսկապես բարի մտադրություններ ունեն, ապա պետք է դադարեցնեն Իրանին ճնշել»,- նշել է Ռոհանին:

Իրանի բանկային հարաբերությունները մյուս երկրների հետ

Մյուս երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ Իրանի բանկային հարաբերությունները զարգանում են, չնայած SWIFT վճարային համակարգից հանելուն, հավելել է Ռոհանին:

«Իրանի բանկային հարաբերությունները մյուս որոշ երկրների հետ, բարեբախտաբար, զարգանում են առանց SWIFT համակարգի օգտագործման,- ասել է նա: - Ժամանակին Արեւմուտքում կարծում էին, որ բանկային հարաբերությունները միայն SWIFT-ով են պայմանավորված: Բայց դա այդպես չէ»:

Ռոհանին հավելել է, որ «այս պահին Թեհրանը բանկային կապեր է կառուցել Ռուսաստանի հետ եւ նախատեսում է հետագայում համանման հարաբերություններ զարգացնել Եվրասիայի երկրների հետ»: «Մենք նաեւ անցել ենք Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ ազգային արժույթով առեւտրին, ինչը կարող է լուծել մեր մեծ թվով խնդիրներ»,- հավելել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս գիշերը Սաուդյան Արաբիայի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ էր բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին մասնակցության մեջ մեղադրել է Իրանի իշխանություններին։ Իրանի ԱԳՆ-ն այս հայտարարություններն անհիմն է որակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ