News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել տիկին Ֆարնուորթի գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ եւ հույս հայտնել, որ նա կպահպանի ամուր կապերը մեր երկրի հետ: Վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար: Դեսպանը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ նախանշած ծրագրերն ու բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում եւ հավելել, որ ՄԹ կառավարությունը եւս կարեւորում է մեր երկրի հետ սերտ գործակցությունը տարբեր ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը վստահություն է հայտնել, որ առաջիկայում եւս երկու երկրների միջեւ կապերը կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է օժանդակելու հայաստանյան գործընկերներին՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրապական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ