News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն հայտնեցին խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության եւ փոխայցելությունների կապակցությամբ՝ կարեւորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։

Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ իր այցը Լատվիա լավ հնարավորություն է՝ ուղենշելու համագործակցության նոր հարթակները եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը:

Լատվիայի Սաեյմայի խոսնակը եւ Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ՝ կարեւորելով առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ներուժի լիարժեք իրացումը, համագործակցությունը մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում։

Անդրադարձ կատարելով Հայաստանում ժողովրդի լայն մանդատի շրջանակներում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ որպես կարեւոր առաջնահերթություն նախարար Մնացականյանը նշեց դատաիրավական համակարգի բարեփոխումը։

Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ընդգծեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես իրավական նոր հենքի կարեւորությունը  ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ օրեցօր ամրապնդվող փոխգործակցության համատեքստում: Կողմերն անդրադարձ կատարեցին նաեւ Արեւելյան գործընկերության տասնամյա հոբելյանին, ԱլԳ շրջանակներում գրանցված հաջողություններին եւ համագործակցության այս ձեւաչափի զարգացման տեսլականին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների ու մոտեցումների շուրջ: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, նախարար Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, օրենսդիր մարմնի փոխնախագահ Մարիա Գոլուբեւայի եւ խմբի որոշ անդամների հետ։

Զոհրաբ Մնացականյանը եւ Մարիա Գոլուբեւան դրական գնահատեցին Հայաստանի եւ Լատվիայի միջեւ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության ներուժը։

Զրուցակիցներն անդրադարձան Լատվիայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ դեր ունեցող հայ համայնքին՝ արժեւորելով վերջինիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջեւ հարաբերություններում։ Անդրադարձ կատարելով իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների  եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ