News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի եւ Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի գլխավորած պատվիրակությունների միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ:

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն առաջարկել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստման դասընթացներ անցնել իրենց ուսուցման կենտրոնում:

Այս համատեքստում Իգոր Արտեմեւը ընդգծել է նաեւ իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու եւ պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝ ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում խախտումներ տեղի ունենալու դեպքերում:

«Համատեղ ջանքերով եւ միասնական աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գեւորգյանը:

Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ