News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Էական կարգապահական խախտումը, անհամատեղելիությունը, քաղաքական գործունեությամբ զբաղվելը եւ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերը կարող են լինել ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հիմք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Վահե Գրիգորյանի դիմումը չքննարկելը եւս կարգապահական խախտում կարող է դիտվել, ես ընդհանրապես չեմ հասկանում՝ այդ գործընթացն ինչպես կարող էր տեղի ունենալ, որովհետեւ ենթադրվում է, որ դատավորների համապատասխան դիմումները պետք է համապատասխան ընթացակարգով քննվեն»,–նշեց նա։

ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանի այն պնդմանը, թե դիմումը խախտումներով է ներկայացվել, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ենթադրենք, որ հանգում են նրան, որ ինքը խախտումներով է ներկայացրել, դատավորը ներկայացրել է դիմում, կոլեգիալ մարմինները կարող են խոսել իրենց ակտերի միջոցով, որեւիցե ակտ առ այն, որ այդ դիմումը քննարկվել է եւ մերժվել է, չունենք։ Դատավորի դիմումին առնվազն արձագանք պետք է լիներ։ Հնարավոր էր, չէ՞, ասել՝ գիտեք, դուք պատշաճ սուբյեկտ չեք կամ պատշաճ հիմքեր չկան, բայց ակտը պետք է երեւար, որտեղի՞ց ես կամ հանրությունը պետք է տեղական, որ արձագանք եղել է»։

Նրա խոսքով՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է. «Երբ դրվի շրջանառության մեջ, բոլորը կտեսնեն: Նա հավելեց, որ համապատասխան նախագիծ ներկայացնելուց հետո պետք է ներկայացվի գլխադասային հանձնաժողով, որի հարցը պետք է լուծի ԱԺ նախագահը»:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն դիտարկմանը, որ «Իմ քայլի» այս նախաձեռնությունն ազդել է դատարանի որոշման վրա, Վարդանյանն ասաց.  «Վայ այն դատարանին, որը պետք է առաջնորդվի նրանով, որ ԱԺ-ում ինչ-որ գործընթացի մասին են խոսում, ու ինքը շեղվելով օրենքից՝ կայացնի այլ որոշում։ Երկու գործընթացները փոխկապակցված չեն: Հիմքը հայտնաբերելուց հետո երկշաբաթյա ժամկետ կա, որի ընթացքում է ամեն ինչ արվում»:

Լրագրողների դիտարկմանը, որ վերջին խոսքը ՍԴ-ինն է, որքանո՞վ է հավանական, որ «Իմ քայլի» տեսակետն առնվազն 6 դատավորի տեսակետի հետ կհամընկնի, նա արձագանքեց. «ՍԴ–ի անկախությունը ենթադրում է, որ ՍԴ–ն պետք է գործի իր լիազորությունների շրջանակում, Սահմանադրական դատարանը ինքը պետք է նախեւառաջ հարգի իր հեղինակությունը, եւ պետք է որոշումներ կայացնի, որով մենք կհամոզվենք, որ գործ ունենք ՍԴ–ի, ոչ թե քաղաքական մարմնի հետ։ ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, չպետք է ներառված լինի որեւիցե քաղաքական գործընթացների մեջ»։

Տպել
Ամենաշատ