News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Դատաիրավական բարեփոխումների շուրջ Բարձրագույն դատական խորհուրդը եւ Վենետիկի հանձնաժողովը շատ թեժ քննարկում են ունեցել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Վենետիկի հանձնաժողովի հետ Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է։ Մոտ 2 ժամ քննարկում է տեղի ունեցել։ Շատ թեժ քննարկում է ընթացել։ Մենք բոլորս հայտնել ենք ԲԴԽ-ի դիրքորոշումը։ Որոշ հարցերում ունեցել  ենք տարաձայնություններ հենց ԲԴԽ-ի ներսում։ Մեր անձնական կարծիքներն ենք ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին»,- ասաց նա։

Դատաիրավական բարեփոխումների շուրջ, Վարդազարյանի խոսքով, բոլոր դատավորների կարծիքները, որոնք չեն ընդունվել ԲԴԽ-ի կողմից, պատճենահանվել եւ ներկայացվել են ե՛ւ կառավարությանը, ե՛ւ Վենետիկի հանձնաժողովին. «ԲԴԽ-ում չկա որեւէ փաստաթուղթ, որն այս պահի դրությամբ չի առաքվել կառավարությանը»։

Վարդազարյանը հայտնեց՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ ունեն պայմանավորվածություն, որ բոլոր նիստերին ԲԴԽ մեկ անդամ կմասնակցի՝ անկախ նրանից հանձնաժողովում քննարկվող հարցը վերաբերում է ԲԴԽ-ին, թե ոչ. «Իսկ այն դեպքերում, երբ հարցերը կվերաբերեն դատական իշխանությանը, ԲԴԽ-ի  ներկայությունն անսահմանափակ է։ Կարող ենք տասը հոգով ներկայանալ եւ պնդել մեր դիրքորոշումը։ Ընդ որում՝ հանձնաժողովի նիստերը եւս դռնբաց են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ