News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն գոհացրել իրենց գործառույթների շրջանակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ՔՊ վարչության նիստից հետո։

«Պատճառների վերաբերյալ  կարող եմ ասել հետեւյալը, որ 2 պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել, չի բավարարել»,- ասաց Աղաջանյանը։

Ճշտող հարցին՝ եթե չի գոհացրել, ինչո՞ւ Վալերի Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, Աղաջանյանն ասաց. «Նրանք չեն գոհացրել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, եւ վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես, պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար, այդ կարգավիճակում գտել է, որ օգտակար կլինի»։

Հարցին՝ հատկապես ի՞նչը Փաշինյանին չի գոհացրել Օսիպյանի եւ Վանեցյանի աշխատանքում, Աղաջանյանը պատասխանեց. «Այդ հարցին վարչապետը պատասխանել է։ Հաշվի առնելով ԱԱԾ-ի առանձնահատկությունը՝ դա թերեւս այն ոլորտը չէ, որ մտնենք մանրամասների մեջ։ Կարեւոր է արձանագրել, որ դա եղել է վարչապետի որոշումը, վարչապետի ասուլիսում հնչեցրած խոսքը, այդ հարգալից տեքստը, այդ թվում նաեւ պայմանավորված էր իր գեներալների նկատմամբ հարգանքով, որպեսզի տարընթերցում չլինի։ Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել, եւ նրանք ներկայացրել են»։

Հարցին՝ ինչպես ինքը կմեկնաբանի, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աղմկահարույց հայտարարությունը պաշտոնական կայքէջից հեռացվել է, Աղաջանյանը մեկնաբանեց. «Հավանաբար ԱԱԾ-ի աշխատակիցները համարել են, որ դա է ճիշտ»։

Հարցին՝ ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններում, նա ասաց, որ այս պահին որեւէ որոշում չկա, նման հարց ՔՊ վարչության նիստում չի քննարկվել։

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ պաշտոնանկության հարցից բացի քննարկվել են նաեւ ընթացիկ հարցեր։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարականի դիմում էր ներակայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նախօրեին՝  ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի ուշ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ