News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեմ ցանկանում, որ դատավորները մշտապես լինեն թիրախային վիճակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների մասին հարցին։

«30 վարույթ կա հարուցված դատավորների նկատմամբ, որոնց մասին մամուլից տեղեկացել ենք։ Չեմ պատկերացնում՝ 30-ն է, 130 է, թե 3 է, բայց այս պահի դրությամբ Արդարադատության նախարարությունից 2 նյութ ենք ստացել՝ հայտնի պատճառներով չեմ կարող ասել դատավորների անունները, ում նկատմամբ վարույթ է հարուցված։ Այս պահի դրությամբ դատավորի նկատմամբ վարույթ հարուցող երկու մարմին կա՝ մեր ընդհանուր ժողովի կարգապահական ժողովը, որը մոտ ապագայում, կարծում եմ, օրենսդրական փոփոխության արդյունքում կհամալրվի նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներով, եւ 2-րդ մարմինը Արդարադատության նախարարությունն է։ Եթե դատական բարեփոխումների ծրագիրն իրականություն դառնա եւ դառնա օրենք, ապա կհայտնվի 3-րդ մարմինը, որը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք կունենա, դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Գտնում եմ, որ չափազանց շատ են այդ մարմինները, որոնք իրավունք ունեն կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Չեմ ցանկանում՝ դատավորները մշտապես լինեն թիրախային վիճակում»,- նշեց նա։

Ռուբեն Վարդազարյանը հիշեց, երբ Արդարադատության նախարարությունում վարույթ էր հարուցվել իր դեմ. «40 օր հետո այն կարճվել է, բայց այդ ընթացքում ես եղել եմ խիստ նյարդային վիճակում, ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ լինելով դատական նիստերի դահլիճում՝ անընդհատ մտածել եմ այդ վարույթի մասին։ Գտնում եմ, որ շատ նուրբ թեմա է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը»։

ԲԴԽ անդամ Պետրոս Մակյանը, որը մինչեւ ԲԴԽ անդամ ընտրվելը եղել է Կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամ, նշեց, որ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները հանձնաժողովին եւ ԱՆ–ին կանգնեցրին մի փաստի առաջ, որ ցանկացած հաղորդում կարգապահական վարույթ հարուցելու հիմք է։ Նա խորհուրդ տվեց այդ 30 վարույթների նկատմամբ շատ խիստ դիրքորոշում չունենալ, քանի որ բոլորն էլ կարող են կարճվել։

ԲԴԽ անդամներից Լիպարիտ Մելիքջանյանն էլ նշեց, որ այդ հարցը քննարկվել է նախկին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որը դեմ է արտահայտվելվարույթ հարուցվի ԱՆ-ի կողմից, իսկ ԲԴԽ–ն համարում էր, որ չի կարելի դատավորի նկատմամբ վարույթ հարուցել նյութական կամ դատավարական նորմի խախտման վերաբերյալ եւ միայն պետք է նկատի առնել վարքագծի խախտումները։

ԲԴԽ անդամներից Անի Մխիթարյանն հավելեց, որ ԲԴԽ–ն իր վերջին կայացրած որոշման մեջ կարեւորել է ժամկետների հարցը՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ կարգապահական գործընթացը պետք է լինի խիստ սահմանափակ ժամկետներում։

ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզյանն էլ ասաց, որ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմինների առատությունը դատավորներին չպետք է մտահոգի, քանի որ կա Բարձրագույն դատական խորհուրդ, որի հիմնական գործառույթը դատական համակարգի դատավորի անկախության ապահովումն է. «ԲԴԽ-ն այն վերջնական մարմինն է, որը պետք է ապահովի, որ այդ մարմինների կողմից կայացված վարույթներն օբյեկտիվորեն քննվեն, եւ դատավորը վստահ լինի, որ առանց որեւէ իրավական հիմքի՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել»։

Տպել
Ամենաշատ