News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ինձ վիրավորում է, երբ ասում են, թե ես դռների տակ վնգստում եմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ ԲԴԽ անդամների հանդիպման ժամանակ ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ։

«Ես գտնում եմ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունները, որոնք հնչում են ամենուրեք, նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը եւ պատիվը, նվաստացնում են ամբողջ դատական իշխանությունը։ Ինձ մտահոգում է, երբ ԲԴԽ անդամը հարցազրույցում ասում է՝ մի քիչ կոպիտ է ասվել, բայց իրականություն է դա, ինձ վիրավորում է դա։ Ես ուզում եմ հասկանալ՝ միայն ի՞նձ է վիրավորել։ Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ ես տերեր եմ ման գալիս եւ դռների տակ վնգստում եմ։ Ինձ վիրավորում է, երբ նախարարը դատավորների նկատմամբ իրեն որոշակի արտահայտություններ է թույլ տալիս, ինչ է՝ համաձայն չէ դատական ակտի հետ։ Ես գտնում եմ, որ դա անվիճելիորեն միջամտություն է դատավորի աշխատանքին։ Ինձ մտահոգում է, որ ԲԴԽ-ն գտնում է, որ դա իրականություն է»,- նշեց նա։

Դատավորը շեշտեց՝ իր անկախությանը միջամտություն է եւ ճնշում է, երբ ինքը նման արտահայտությունների թիրախ է դառնում։ «Այս արտահայտությունները սնուցում են հասարակության մեջ դժգոհությունը, եթե նույնիսկ այդպիսին կա։ Ես բարձրաձայնել եմ այս հարցը 1 տարի առաջ, կես տարի առաջ, դրանց որեւէ արձագանք չի եղել։ Թուղթը, գրիչը ինչպես խնդիր եղել է, այդպես էլ խնդիր մնացել են, կարգապահական վարույթները միայն շատացել են։ Այսինքն՝ ես տեսնում եմ տենդեցը դեպի բացասական է»։

Նա տարակուսում է, որ դատավորի անկախությունը վտանգի տակ է դրվում առկա իրողությունների պայմաններում. «Եթե ես տնից դուրս եմ գալիս, գնում եմ աշխատանքի՝ գիտակցելով, որ շենքերը կարող են արգելափակվել, մինչեւ ես կհասնեմ, եթե գործադիր եւ օրենսդիր իշխանությունները աջակցում են արգելափակման գործընթացին, եթե իմ ընտանիքի անդամների հասցեին կարող են սպառնալիքներ եւ ցածրորակ որակավորումներ տեղ գտնել սոցցանցերում, եթե ես իմ դատական ակտերը պետք է հարմարացնեմ ինչ–որ չափորոշիչի, որն մեր իրականության մեջ գոյություն ունի, ուրեմն որտե՞ղ է իմ անկախությունը, որ սահմանադրորեն է ամրագրված»։

Նա նշեց, որ որեւէ պատասխան ԲԴԽ–ից չի ակնկալում, բայց հույս ունի՝ խորհրդի նիստերի ժամանակ այդ հարցերը կքննարկեն եւ ամեն հայտարարությանը կարձագանքեն։

Իր խոսքի վերջում դատավորը հավելեց, որ մտահոգիչ է՝ երբ այդ հարցերը միայն իրեն են անհանգստացնում։

Տպել