News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն հայտնեցին խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։ Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ իր այցը Լատվիա լավ հնարավորություն է՝ ուղենշելու համագործակցության նոր հարթակները և երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը:

Լատվիայի Սաեյմայի խոսնակը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ներուժի լիարժեք իրացումը, համագործակցությունը մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում։

Անդրադարձ կատարելով Հայաստանում ժողովրդի լայն մանդատի շրջանակներում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ որպես կարևոր առաջնահերթություն նախարար Մնացականյանը նշեց դատաիրավական համակարգի բարեփոխումը։

Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես իրավական նոր հենքի կարևորությունը  ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ օրեցօր ամրապնդվող փոխգործակցության համատեքստում: Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Արևելյան գործընկերության տասնամյա հոբելյանին, ԱլԳ շրջանակներում գրանցված հաջողություններին և համագործակցության այս ձևաչափի զարգացման տեսլականին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների ու մոտեցումների շուրջ:

 Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, նախարար Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, օրենսդիր մարմնի փոխնախագահ Մարիա Գոլուբևայի և խմբի որոշ անդամների հետ։

Զոհրաբ Մնացականյանը և Մարիա Գոլուբևան դրական գնահատեցին Հայաստանի և Լատվիայի միջև խորհրդարանական ձևաչափով համագործակցության ներուժը։

Զրուցակիցներն անդրադարձան Լատվիայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ դեր ունեցող հայ համայնքին՝ արժևորելով վերջինիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև հարաբերություններում։ Անդրադարձ կատարելով իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների  և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը:

Տպել
Ամենաշատ