News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հրաժարականները պետք է դիտարկել այն համատեքստում,  որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ավելի կոշտ ընդդիմության, ավելի կոշտ գործողությունների եւ դրա համար նրան պետք են իր անձին ավելի հավատարիմ մարդիկ՝ որպես համապատասխան կառույցների ղեկավարներ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանապետի հրաժարականներին:

Ըստ Հակոբյանի՝ հրաժարականներից առաջ եղավ եւս մի հետաքրքիր իրադարձություն.  Ազգային ժողովում քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ անցան համապատասխան փոփոխությունները «Ոստիկանության ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում։

Փոփոխությունները միտված էին նրան, որ մասնագիտական չափանիշները այդ պետական մարմինների ղեկավարների նկատմամբ հանվեց, եւ հավասարեցվեց պատգամավորին հատուկ չափանիշներին, ինչը նշանակում է, որ 25 տարեկան բոլորած եւ 4 տարի Հայաստանում ապրած ցանկացած անձ կարող է նշանակվել ե՛ւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ե՛ւ ոստիկանության պետ, եւ այդ պաշտոնները դարձան քաղաքական, համապատասխան օրենքի փոփոխության նախագիծ եղավ նաեւ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում։

«Հիմա սա ի՞նչ է նշանակում։ Եթե դրան հաջորդեր նաեւ օրենքի փոփոխություն Պետական համակարգի կառավարման մարմինների մասին օրենքում, որտեղ ամրագրվեր, որ այդ մարմինները դուրս են գալիս վարչապետի անմիջական ղեկավարման տակից, ապա դրա մեջ ինչ-որ տրամաբանություն կլիներ։ Նաեւ հետաքրքիր է, թե ով է այդ օրենքի նախագիծը դրել շրջանառության մեջ՝ սահմանադրական ընդդիմության ներկայացուցիչները («Լուսավոր Հայաստան» խմբակցություն- խմբ.)։ Իսկ ինչու սահմանադրական, որովհետեւ եթե նրանք իշխանություն չեն ըստ Սահմանադրության, ապա ընդդիմություն են։ Իսկ հիմա ստացվեց հետեւյալը․ ոչ միայն վարչապետի սուպեր լիազորությունները չեն նվազում, այլ նա հիմա հնարավորություն է ունենում քաղաքական նշանակում անել իր անմիջական ենթակայության տակ եղած ուժային մարմիններում։ Եւ նրա ազատության աստիճանները ավելանում են, որովհետեւ մի բան է, որ, օրինակ, եղած իշխանական ուժի ներկայացուցիչ լինի ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանության պետ, մի այլ բան է, որ դա լինի կադրային սպա։ Դրանք տարբեր մոտեցումներ են եւ տարբեր աշխարհընկալումներ։ Այս տեսակետից ինձ համար միարժեք է, որ այս փոփոխություները միտված են նրան, որ Նիկոլ Փաշինյանի լիազորությունները որպես վարչապետ էապես ավելանան եւ նրա մենիշխանության միտումները դառնան ավելի առարկայական։  Ես կարծում եմ, որ հրաժարականները պետք է դիտարկել այն համատեքստում,  որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ավելի կոշտ ընդդիմության, ավելի կոշտ գործողությունների եւ դրա համար նրան պետք են իր անձին ավելի հավատարիմ մարդիկ որպես համապատասխան կառույցների ղեկավարներ»,- նշեց Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ Ազգային անվտանգության ծառայության պետի հրաժարականի տեքստում առկա է քաղաքականություն մտնելու հայտ. « Չեմ ցանկանում ուզում մեկնաբանել նրա գնահատականները եղած իշխանությանը, բայց առնվազն դա քաղաքական հայտ է, եւ այդ հայտը նոր իրավիճակ կարող է ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում։ Ոչ պակաս հետաքրքիր են մյուս օրը նրա տված մեկնաբանությունները, որ իր քաղաքական հայտը պետք չի կապել նախորդ իշխանությունների հետ, նույնիսկ անձնավորված կոնկրետ այս կամ այն անձի հետ։ Այսինքն, նա ցանկացավ ասել, որ քաղաքականություն մտնելիս, դա կանի որպես նոր ուժ՝ ե՛ւ իր կապերը, ե՛ւ իր թիմը ենթադրաբար լինելու են նոր։ Այդ տեսակետից խորհրդարանից դուրս եղած ընդդիմությունը այսօր հավաքվելու եւ համախմբվելու խնդիր ունի։ Շատ կարեւոր է, որ ազգային բովանդակություն ունեցող արտախորհրդարանական ուժերը կարողանան ընդհանուր օրակարգ ձեւավորել։ Այդ տեսանկյունից մեր՝ «Ազգային օրակարգ» կուսակցությունը անընդհատ այդ համատեքստում է փորձում գործել եւ փորձում է նախաձեռնություններ իրականցնել եւ համատեղել ազգային-քաղաքական ուժերի ջանքերը։ Բայց այստեղ նաեւ ազգային-քաղաքականը շեշտելով հանդերձ կարող են լինել նաեւ ազգային բովանդակություն ունեցող հասարակական ուժեր, առանձին խմբեր ու անգամ անհատներ։ Մենք պետք է կարողանանք հախմբել մեր ներուժը, որպիսի կարողանանք համարժեք հակազդել եղած իշխանության նկռտումներին, որոնք շատ վտանգավոր են պետության ապագայի տեսակետից։ Այս իմաստով նույնպես հետաքրքիր էր Ազգային անվտանգության ծառայության պետի հրաժարականի տեքստը եւ հետագա մեկնաբանությունը իր իսկ կողմից տրված»։

Անդրադառնալով պաշտպանության նախարարի հնարավոր հրաժարականին՝ Հակոբյանը նշեց, որ դա կհանգեցնի շատ ծանր եւ անորոշ վիճակի:  «Եթե Դավիթ Տոնոյանի հրաժարականը նույնպես լինի, ես կարծում եմ՝ մենք շատ ծանր իրավիճակում կհայտնվենք եւ անորոշության մեջ, ինչը, իմիջիայլոց, հատուկ է եղած իշխանությանը․ անընդհատ ամեն ինչ պահել անորոշության մեջ: Անձամբ Նիկոլ Փաշինյանը, հարցերը պահելով անորոշության մեջ, ժամանակ է ձգում, եւ պատասխանատվությունից փորձում է խուսափել կոնկրետ որոշումներ ընդունելու տեսակետից։  Այդ համատեքստում կարող ենք դիտարկել Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված խնդիրները, որ նա հետաձգեց, այդ համատեքստում կարող ենք դիտարկել Ամուլսարի խնդիրը, երբ նա պատասխանատվությունը փորձում է դնել «Լիդիան ինթերնեյշնլի» վրա կամ «Էլարդի» վրա՝ ում վրա ասես, բացի իրենից եւ իր կառավարությունից։ Այդ համատեքստում կարող ենք դիտարկել Արցախի հետ կապված զարգացումները, որտեղ նա չի ասում՝ ի վերջո ինչ փաստաթղթի ու ինչ սկզբունքների շուրջ են գնում բանակցությունները։ Նա ասում է՝ բանակցություններ չեն գնում, դեռ զրուցում ենք։ Այսինքն անընդհատ մենք ունենք իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանը եւ եղած իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Մի բան է գալ իշխանության, մեկ այլ բան՝ իշխանության գալով լինել արդյունավետ։ Եղած իշխանությունները արդյունավետ չեն, եւ բոլոր ոլորտներում, սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած տնտեսություն եւ անվտանգային հարցեր, մենք ունենք ետընթաց եւ ետընթացը ակնառու է։ Այդ տեսակետից եւս պետք է հասկանալ՝ ինչու են կատարվում ուժայինների փոփոխությունները։ Ինչպես ասացի, նույն Ամուլսարի մասով․ եթե  չապաշրջափակվի ճանապարհը եւ թույլ չտրվի «Լիդիան ինթերնեյշնլին» աշխատել, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ ինքը որեւէ հիմքեր չունի, որ «Լիդիանը» չաշխատի, իսկ այդ հիմքերը առնվազն անորոշ են, կարող է լինեն բախումներ։ Այդ դեպքում բախումները ո՞ւմ միջեւ պետք է լինեն։ Կարող է լինեն շրջափակողների եւ բնականաբար, համապատասխան ոստիկանական ուժերի միջեւ։ Հիմա  կտեսնենք, թե արդյոք դա կաп ունի Օսիպյանի հրաժարականի հետ»,- ամփոփեց Հակոբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ