News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:

Մասնավորապես նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը։ Այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների  մատուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման, տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։

Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:

Նախարար Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ սույն նախագիծը ընդգրկված է եղել նախընտրական ծրագրում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկվելու է ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի չափաքանակները, ինչպես նաեւ նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, ինչը հատկապես կարեւոր է աշխատող ծնողների համար: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչեւ տարեվերջ այս ուղղությամբ համակարգված փաթեթով առաջարկներ պետք է ներկայացնեն:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ քաղաքացիները բարձրացնում են մանկապարտեզներում հերթագրման հետ կապված հարցեր եւս:  «Ունենք համայնքներ, որտեղ մի համայնքում մանկապարտեզ կա, մյուսում չկա եւ ծնողների համար մեծ դժվարություններ է առաջացնում երեխաներին այլ համայնքներ մանկապարտեզ տանելը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ