News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք շատ վճռական քայլեր ենք իրականացնում դեպի իրավական պետություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել:

«Անձնապես կարծում եմ՝ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե նախկին իշխանությունները, շատ մեղմ եմ ասում, թե կից գործող դատական համակարգը: Սա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ այն մարդկանց համար, որոնք նախանձախնդիր են եւ պայքարելու են իրենց իրավունքները վերականգնելու համար: Դա նաեւ մեր պետության շահերից է բխում:

Դուք շատ լավ հիշում եք, թե ինչպես է եղել այդ դեպքը. Գագիկ Ջհանգիրյանի եւ իր եղբոր մեքենան կանգնեցրեցին, եւ 20 զինվորականներ գործողություն իրականացրեցին՝ ձերբակալելով: Մեղադրանքը, որքան հիշում եմ՝ այն էր, որ Ջհանգիրյանը եւ այն ժամանակ իր հիվանդ եղբայրը դիմադրել են, ոստիկաններ են ծեծել: Այսինքն ակնհայտ ապօրինություններ էին իրավապահներին կողմից եւ ես շատ ուրախ եմ, որ այդ պատմության այդ էջը քիչ-քիչ լուսաբանվում է եւ մի օր կփակվի արդար կերպով»:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կարող է դիմել դատարան եւ պահանջել արդարացնել իրեն, մամուլի խոսնակն արձագանքեց. «Ինքը այս հարցում կարծես հետ քաշված է եւ սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որեւէ ճնշում չդիտարկվի կամ որեւէ առաջնորդություն չդիտարկվի այլ մարդկանց համար: Ինքը վերջում կամ ինչ-որ փուլի կմիանա: Կարծում եմ՝ անպայման արդարացումները պետք է լինեն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանիգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ