News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի բանկերի միությունն ու «Ամերիաբանկն» այսօր՝ սեպտեմբերի 19–ին, ուսանողների համար կազմակերպել էին դասընթաց ֆինանսական գրագիտություն թեմայով, որին ներկա էր նաեւ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝  այս ծրագրի նպատակն է նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ ուսանողների շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտությունը։

«ՀԲՄ–ն բանկերի հետ միասին մշտապես կարեւորություն է տվել  բնակչության տարբեր շերտերի համար ֆինանսական գրագիտության բարձրացման հարցը եւ այս տարի ուսումնական տարվա սկզբի հետ նոր ծրագիր ենք մշակել՝ նոր ուսումնական տարին նոր գիտելիքներով, որում նախատեսվում է մի շարք միջոցառումներ իրականացնել։ Մեր միջոցառումները սկսեցինք ուսանողներից»,– ասաց Սարգսյանը։

Բացօթյա հանդիպումն այսօր Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ էր, վաղը եւս հանդիպում կլինի, բայց արդեն ՀՊՏՀ–ի ուսանողների հետ։ Սեյրան Սարգսյանի խոսքով՝ հանդիպումները կշարունակեն իրականացնել համալսարաններում՝ լսարանային պայմաններում։

«Թեմաները մենք համաձայնեցրել ենք բանկերի հետ՝ փորձելով ճշգրտել, թե իրենց շփումների արդյունքում ի՞նչ թեմաներ են առանձնացրել, որոնց շուրջ հաճախորդները որոշակի տեղեկատվության կարիք ունեն։ Քիչ առաջ «Ամերիաբանկը» ներկայացրեց պլաստիկ քարտերի հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը՝ ինչպես ճիշտ օգտվել, գործարքներ կատարելիս ինչպիսի գործողություններ կատարել, որպեսզի խուսափեն խնդրահարույց վիճակներից կամ ընդհանրապես ֆինանսական կորուստներից»,– ասաց Սեյրան Սարգսյանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Անհատական ֆինանսկան ծառայությունների եւ քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը, ընդգծեց հատկապես ուսանողների հետ նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը։

«Շատ կարեւորվում է բանկի հետ նոր շփվել  սկսող ուսանողների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի շարք դասընթացներ են լինելու, սա դեռ սկիզբն է. ուսանողները այս դասընթացից հետո պետք է ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, պետք է կարողանան ավելի ճիշտ կողմնորոշվել բանկերի առաջարկների մեջ, ավելի ճիշտ կառավարել իրենց հաշիվները, ինչը շատ կարեւոր է։ Դրանով նաեւ բանկային համակարգն է ավելի վստահելի դառնում, որովհետեւ որքան պարտաճանաչ եւ պահանջկոտ է հաճախորդը, այնքան բանկը որևէ ծառայություն ներդնելիս մտածում է անել այնպես, որ բավարարի հաճախորդին»,– ասաց Էլեն Դանիելյանը։

Նրա խոսքով՝ քննարկվում են ոչ միայն ուսանողներին վերաբերող թեմաները, այլեւ այնպիսի թեմաներ, որոնք կարող են պետք գալ նաև հետագայում բանկերի հետ շփվելիս։

«Հիմա խոսում ենք նաեւ հիփոթեքների մասին։ Չեմ կարծում, որ, ենթադրենք, մոտակա մեկ տարվա ընթացքում ուսանողներից որեւէ մեկը հիփոթեք է վերցնելու, բայց իմանալ այն մասին, որ կա այդպիսի բան, որ իրենք կարող են օգտվել այդ հնարավորությունից, մենք բոլորս կարծում ենք, որ շատ կարեւոր է եւ հետագայում կիրառելի է լինելու ուսանողների համար»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ