News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը բաց նամակ է հղել Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանին, որտեղ իր բողոքն է հայտնում, որ իրենց հասցեգրված նամակը արեւելահայերեն է:

Նա, մասնավորապես, իր բաց նամակում նշում է.

«Ստացանք ձեր գրասենյակից սփյուռքահայ մամուլին ուղարկած՝ Սփյուռքի երիտասարդների «ՆերՈւժ» ծրագրի վերաբերյալ հայտարարությունը առ ի հրատարակություն:

Հայտարարության լեզուն՝ աղավաղված արեւելահայերեն էր, որը պարունակում էր նմանօրինակ բառեր, ինչպես՝ «ինտերակտիվ», «սթարթափ», «էկո», «սոցիալական», «ինտերնետային», «տեխնոլոգիաներ», «ռոբոտ», «ինժեներական», եւ այլն:

Սույն բաց նամակով, ձեզ ազնվորեն ուզում ենք հիշեցնել, որ հակառակ նոր սփյուռքների ստեղծման, դասական սփյուռքը տակավին մնում է տիրական, մինչ իր օգտագործած մայրենին՝ հպարտորեն արեւմտահայերենն է:

Նման լեզվով գրված հայտարարություն, ոչ միայն չի քաջալերում թիրախավորված երիտասարդ զանգվածը, այլ նաեւ վանողական է: Սխալ չհասկացվելու համար այստեղ անմիջապես շեշտենք, որ մենք բան չունենք արեւելահայերենի դեմ: Ընդհակառակը այն շատ գեղեցիկ է, երբ ճիշտ է գործածվում:

Այստեղ, կանխելու համար ազնիվ մտադրությամբ գրված այս նամակի նման գրությունների դեմ տեղի-անտեղի անմիջապես արձագանգելու զինվորագրված կեղծ թե իրական մարդկանց գրությունները, թե. «հապա նախկինների ժամանակ ինչո՞ւ չէիք քննադատում», ուզում ենք հստակորեն ասել, որ մենք լավ գիտենք, թե այս թեմայով ե՛րբ եւ ի՛նչ էինք ասում նախկին պատասխանատուներին, որոնք համբերությամբ, հասկացողությամբ եւ ամենայն հանդուրժողականությամբ լսում էին եւ ուղղում սխալը, երբ հարմար էր...:

Հարգելի պարոն Սինանյան,

Այսօր ձեզնից ակնկալվածը, հատկապես արեւմտահայ գլխավոր հանձնակատարից, ընդամենը սա է. նման հայտարարությունների լեզուն, թող որ գոնե լինի թե՛ ընտիր արեւելահայերեն, եւ թե՛ արեւմտահայերեն, ինչու չէ, նաեւ օտար մի քանի լեզվով, հարգելու համար ձեր բոլոր ընթերցողներին:

Ի վերջո ձեր «ՆերՈւժ» ծրագիրը նաեւ ուղղված է արեւմտահայ երիտասարդին, որի ներգրավումը այնքան կենսական է մեր հայրենիքի համար, որ նաեւ ի միջի այլոց ավելի եւս պիտի արժեւորի ու արդարացնի ձեր հարգելի անձին այս պաշտոնին նշանակումը»:

Տպել
Ամենաշատ