News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Բաղրամյան 26-ում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղի է ունեցել պարգեւատրումների՝ պատվավոր կոչումներ, զինվորական կոչումներ եւ աստիճաններ շնորհելու պաշտոնական արարողությունը՝ նվիրված Անկախության 28-ամյակին: Պարգեւներ ու կոչումներ ստացողների ցուցակում էր նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին, Գրիգորի Խաչատուրովին շնորհվեց գեներալ-մայորի կոչում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրը սկսեց ուժային կառույցների պաշտոնակատարներին ներկայացնելով։ ԱԱԾ-ում նա հայտարարեց, որ իշխանության ամբիցիաները հետզհետե աճելու են։

Հաջորդ ելույթը ոստիկանությունում էր, այստեղ Փաշինյանը ակնարկեց, որ պաշտոնակատարը կարող է ոստիկանապետ դառնալ, եթե արդյունքները գոհացնող լինեն։

Իսկ արդեն կեսօրին Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության հրավիրեց իրավապահ համակարգի ղեկավարներին եւ ամփոփեց իր պահանջները նրանցից։

Այսօր դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց՝ դատարանը բիրտ, բացահայտ եւ աննախադեպ ազդեցության տակ է եւ դարձել է գործադիրի գործիքը։

Դատավորը սանկցիա չկիրառեց, միայն հորդորեց Ալումյանին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են գնահատվել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ հանգեցնել սանկցիայի։ Պաշտպանական կողմը դատավոր Դանիեբյանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն։

Սեյրան Օհանյանի պաշտպաններն էլ միջնորդեցին թույլ տալ նրան Գերմանիա մեկնել՝ պրոթեզավորման նպատակով։ Պաշտպանական և մեղադրող կողմերը առարարկություն չունեին, միայն դատախազը նշեց, որ Հայաստան վերադառնալու երաշխիք է պետք։ Դատարանը որոշեց բավարարել Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդությունը՝  նրան թույլ տալով հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը բացակայել հանրապետությունից։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակից երթով գնացին դեպի ԱԱԾ շենք։ Նրանց հետ էր Նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Նա նշեց, որ իր հոր դատավարությունը դարձել է քաղաքական գործընթաց։

Ջերմուկում եւ շրջակա գյուղերում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը շարունակվում է նոր թափով եւ  նոր ակցիաներով, այսօր երեք համայնքերում՝ Ջերմուկում, Կեչուտում եւ Գնդեվազում, հայտարարվել էր դասադուլ եւ գործադուլ։

Ջերմուկցիները հարեւան գյուղերի բնակիչների հետ քայլերթ արեցին դեպի ազատամարտիկների հուշահամալիր, ցուցարարների մի խումբ էլ նրանց միացավ ավտոերթով ։ Հանրահավաքում հայտարարվեց, որ բողոքի այս ակցիաները նախազգուշացում են կառավարությանը՝ եթե «Լիդիանի» գործունեությունը չկասցվի, ակցիաները կկրկնվեն։ 

Կանաչ տրամադրություններ էին նաեւ նաեւ Երեւանում, այսօր հայտարարվել էր բնապահպանական մոբիլիզացիայի օր։ Բնապահպանները եւ առհասարակ Ամուլսարով մտահոգ քաղաքացիները երթով անցան կենտրոնական փողոցներով։ Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում։ Նրանք պաշպանեցին ջերմուկցիների պահանջները՝ Ամուլսարը չպետք է հանք դառնա։

Եղեգնաձոր քաղաքում երեկ գիշերը զինվորականների եւ մարզպետարանի աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դատախազությունից հայտնում են, որ զինվորականներից մի փոխգնդապետ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Մամուլը գրում է, որ փոխգնդապետը կոմայի մեջ է եւ ծեծկռտուքին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Դատախազությւնից նաեւ հայտնել են, որ ողջ ծավալով ստուգվում է միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը։

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է․ նա մեղադրվում է նաեւ փողերի լվացման համար։ Ըստ քննչական ծառայության տվյալների՝ Միհրան Պողոսյանը հանցավոր ճանապարհով ստացված եւ հարկեր չվճարելու հետեւանքով ձեռք բերված մոտ 1,2 միլիոն դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու եւ այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձեւակերպել է իբրեւ փոխառություն, փոխանցել է իրեն պատկանող «Քեթրին Գրուպի» հաշվեհամարին եւ օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության համար: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել են նրան արտահանձնել Հայաստանին։

Երեւանում ՎԵՏՕ-ն բացել է Ջորջ Սորոսի արձանը՝ նրա ֆինանսավորմամբ գործող «Բաց հասարակություններ» հիմնադրամի գրասենյակի առաջ։ 

Շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտած «Սասնա ծռերը», իսկ այժմ նրա գրասենյակը նաեւ մտադիր է իր թեկնածուին նստեցնել ԱԱԾ տնօրենի աթոռին։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +30+32:

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 596, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 47 դրամ։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ