News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ ՍԴ-ն չունի հանրային վստահություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարցնելու գործընթաց սկսելուն:

Դիտարկմանը, որ ըստ էության, հարցը, ի վերջո, որոշվելու է ՍԴ-ում, արդյոք իրատեսական է, որ ՍԴ-ն դրական կարձագանքի ԱԺ-ի մոտեցումներին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Էստեղ հակասական բան կա. մի կողմից ռացիոնալ եւ ողջամիտ է թվում որեւէ այդպիսի գործընթաց սկսելիս հաշվարկել դրա բոլոր հնարավոր սցենարները: Մյուս կողմից կյանքում երբեմն պարզապես կարեւոր է նաեւ դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպիսի ավարտ կունենա:

Ինչպես ես իմ ելույթում ասացի, կարծում եմ, որ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող, օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ, պետք է իր դիրքորոշումը հայտնի առնվազն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Դիտարկմանը, որ ոմանք այս քայլը գնահատում են որպես ճնշում ՍԴ-ի ու դատական համակարգի վրա, Արարատ Միրզոյանը ասաց, որ բոլորովին համաձայն չէ այդ մոտեցման հետ. «Ակնհայտ է, որ ՍԴ-ն չունի հանրային վստահություն: Եթե նույնիսկ այդպիսի անվստահության ընկալման հիմքում ընկած փաստարկներն իրավացի չեն, այն, որ հանրություն իր Սահմանադրական դատարանին չի վստահում, արդեն դա մեծ խնդիր է: Դա իրավական անվտանգության հարց է նույնիսկ եւ այս իրավիճակը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի:

Այո, իհարկե, իրավական ճանապարհով, որովհետեւ իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից մենք հռչակել ենք իբրեւ հիմնարար սկզբունք: Բայց նաեւ չմոռանանք, որ այնուամենայնիվ, բացի գրված օրենքներից, կա նաեւ այդ օրենքների ոգին, իրավունքի փիլիսոփայությունը, եւ ի վերջո, երբ հայ ժողովուրդը հավաքվել եւ որոշել է ստեղծել անկախ պետականություն, նաեւ որոշել է, որ պետք է լինեն այս-այս մարմինները: Եվ գրել է դա Սահմանադրության մեջ: Հիմա երբ այդ մեխանիզմում ինչ-որ բան չի աշխատում, կամ այնպես չի աշխատում, եւ ժողովուրդն արդեն վստահություն չունի, ապա այդ նույն տրամաբանության շրջանակներում պետք է փոփոխությունների ենթարկվի: Նույնիսկ իրավունքի մասնագետների շրջանում այդպիսի ուղղություն կա: Եթե չեմ սխալվում լեգիզմ է կոչվում, երբ ամեն ինչ հանգեցնում են տառային մեկնաբանության»:

ԱԺ նախագահը նկատեց, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ինքը ելույթ է ունեցել Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո միայն. «Լավ էր, որ ՍԴ-ն իր այդ որոշումն ընդունեց, դրանից հետո ես խոսեցի այդ մասին, որովհետեւ եթե ես դրանից առաջ խոսեի, դա մեկնաբանվելու էր որպես ճնշում: Այս 1,5 տարվա ընթացքում մենք բազմաթիվ առիթներ ունեիք խոսելու, եթե ցանկանայինք ոչ օրինական ճնշում գործադրելու: Մենք դա չենք արել եւ չենք էլ պատրաստվում անել»:

Տպել
Ամենաշատ