News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայտնի ռուս գրող եւ լրագրող Վլադիմիր Պոզները «Ժամ» պարբերականի հետ հարցազրույցում կիսվել է Հայաստանի, հայկական մշակույթի մասին իր հիշողություններով, տպավորություններով և կարծիքով՝ պատմելով նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից իր ստացած տպավորությունների մասին խոսելիս լրագրողը խոստովանել է. «Նա, իհարկե, բավականին պայծառ անձնավորություն է, անկասկած… Սակայն չէ՞ որ չափից ավելի նկատելի էր, թե ինչպես են բոլորը քծնում նրան, ինչպես են ցանկանում ասել այն, ինչ նա է ցանկանում լսել…խելագարվելու չափ»:

Վլադիմիր Պոզների խոսքով՝ մարդկանց հակվածությունը քծնանքին տարբեր է: «Ոմանք շատ կայուն են, մյուսները՝ ոչ: Սակայն անգամ ամենակայունները, եթե երկար ժամանակ իշխանության ղեկին են լինում եւ նրանց մշտապես ներշնչում են, որ իրենք հանճարներ են, ի վերջո սկսում են հավատալ դրան»,-նշել է նա:

Լրագրողը խոստովանել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա կհեռացներ յուրաքանչյուրին, որը կքծներ իրեն:

Ընդ որում՝ հայտնի լրագրողն ընդգծել է, որ Փաշինյանը «բավականին համակրելի մարդ է, եւ  նրա հետ զրուցելը հետաքրքիր էր»:

«Պոզներ» հաղորդաշարի եթերում Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցի հավանականության մասին խոսելիս լրագրողը նշել է, որ պաշտոնատար անձանց հարցազրույցի հրավիրելիս պետք է շատ զգույշ լինել:

«Պաշտոնատար անձանց հրավիրելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել, իրավիճակը չբարդացնել եւ չվնասել»,-նշել է նա՝ հիշեցնելով  Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բարդ հարաբերությունների մասին:

Վլադիմիր Պոզները պատասխանել է նաեւ Արցախի մասին հարցերին եւ անգամ մեկնաբանել Յուլի Գուսմանի հետ բանավեճը «Պոզներ» հաղորդման ժամանակ, երբ նա ասել էր Գուսմանին, որ Բաքվում «կոտորել են հայերին»:

«Լսեք, դա այն պատճառով չէ, որ նրանք հայեր են: Ես դեմ եմ մարդկանց նկատմամբ ծաղր ու ծանակին, առավել ևս դաժանությանը: Հայերը, հրեաները, վրացիները, կարեւոր չէ՝ ով: Թաիլանդացիները, չինացիները, կարեւոր չէ: Ես  դեմ եմ: Եւ այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում այդ տարիներին, բացարձակապես անընդունելի է: Ես չգիտեմ՝ Ադրբեջանի իշխանությունները ներողություն արդյոք խնդրել են, ցավակցել են արդյոք: Սակայն փաստ է, որ դա տեղի է ունեցել: Դա սարսափելի, արյունոտ կոտորած է եղել»,-նշել է ռուս լրագրողը:

Նա պատմել է, որ այդ տարիներին իր տանն ընդունել է երկու տարեց հայուհիների, որոնց Բաքվում կատաղած ամբոխից փրկել էր ադրբեջանցի մի ոստիկան: Կանայք մեկ տարի նրա տանն են ապրել:

Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, Պոզների խոսքով, եթե հանգամանքների բերումով նա հասկանա, որ Ղարաբաղ մեկնելն իր համար որպես լրագրողի իմաստ ունի, նա կմեկնի: «Ես բնավ չեմ մտահոգվում, որ ինչ–որ մեկին դա դուր չի գա»,-ընդգծել է Պոզները:

Հայտնի լրագրողը նաեւ կիսվել է Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին իր ամենապայծառ հուշերով:

Նա պատմել է, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 1975 թվականին, եւ այդ ճանապարհորդությունը կապված է եղել Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների՝ իր ընկալման հետ, որի վրձնին պատկանող նկարները նա տեսել էր իր ընկերների մոտ:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Սարյանի նկատմամբ, քանի որ դեռեւս նախքան Հայաստան մեկնելը, այսինքն՝ նախքան 1975 թվականը, ես տեսել եմ նրա որոշ նկարներ եւ մտքումս մտածել. «Դե, իհարկե, գույների խաղ է, այդպիսի գույներ չկան: Դրանք, իհարկե, նկարչի երեւակայությունն են: Ոչ մի վատ բան չկա, բայց այդպիսի գույն չի կարող լինել»: Սակայն երբ Հայաստան մեկնեցի, ես ցնցված էի: Այնտեղ գույները ճիշտ այնպիսինն էին, ինչպես նա նկարել էր. մանուշակագույն, լրիվ մանուշակագույն, կարմիր, դեղին: Ես շատ էի տպավորվել: Երբ ես տեսա այդ նկարը, ես ասեցի. «Ես ուզում եմ այն ունենալ: Վաճառե′ք այն»: Դե իսկ նրանք ինձ նվիրեցին դա: Ես շատ եմ սիրում այդ նկարը,-պատմել է Վլադիմիր Պոզները:

Նրա խոսքով՝  ինքը չի կարող հայկական մշակույթի մասին դատողություններ անել, քանի որ չափազանց քիչ գիտի հայկական մշակույթի մասին: Լրագրողը պատմել է, որ ծանոթ է հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր՝ Տատյանա Սպենդիարովայի հետ, եւ շնորհակալ է նրան, որ կարողացել է ծանոթանալ հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններին:

Ընդ որում՝ ըստ Պոզների՝ ստեղծագործության թարգմանությունը չի կարող լիովին փոխանցել բնօրինակի հնչողությունը:

Լրագրողը նաեւ հիշել է, որ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի բացման տարին նա Ծաղկաձորում էր եւ ներկա էր հուշարձանի բացմանը:

Վլադիմիր Պոզները կիսվել է Հայաստանի եւ իր հայ ընկերների մասին վառ ու բարի հիշողությունների մի ամբողջ փնջով: Նա խոստովանել է, որ շատ է հավանել Երեւանը, եւ քաղաքը շատ հարմարավետ է ապրելու համար, ինչպես նաեւ հիացմունք է հայտնել հանրապետությունում ռուսերենի իմացության մակարդակի առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ