Մեր անասելի տարակուսանքն է նաեւ առաջացնում առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած խորը լռությունը, նրա կողմից նշանակած մարզպետի հոխորտացող ամբարտավանության ֆոնի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում անմարդկային ծեծի է ենթարկվել հայկական բանակի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով այժմ ծանր կոմայի մեջ է: Ըստ լուրերի, ծեծողները Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմներն են, այդ թվում՝ նրա օգնական եւ արդեն իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործի շրջանակներում զննվում են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկների տեսանյութերը՝ մարզպետի անմիջական մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնության այս լկտի դրսեւորումը, առավել եւս, երբ հարձակման թիրախ է դարձել սպայի համազգեստ կրող անձը: Մեր անասելի տարակուսանքն է նաեւ առաջացնում առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած խորը լռությունը, նրա կողմից նշանակած մարզպետի հոխորտացող ամբարտավանության ֆոնի վրա։ Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները՝ Վահե Ավետյանը, Ավետիք Բուդաղյանը, եւ այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել։
«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում տուժած սպա Արա Մխիթարյանին եւ նրա հարազատներին, ինչպես նաեւ հայտարարում, որ վճռականորեն հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործության բոլոր պատասխանատուները եւ հովանավորները կրեն կատարվածին համարժեք պատիժ»։
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:
Նշենք, որ 43-ամյա Արա Մխիթարյանը Գյումրի քաղաքից է, ծառայության է անցել Վայոց Ձորի մարզում, ամուսնացած է, ունի մեկ որդի՝ 10 տարեկան։