News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՎԶԵԲ-ը մինչև 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով։ Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:

ՎԶԵԲ-ի վարկային միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու էներգաարդյունավետությանն ուղղված նախագծեր, այդ թվում՝ կորուստների նվազեցմանն ուղղված ցածր լարման ենթակառուցվածքների արդիականացումը և սմարթ հաշվիչների տեղադրումը՝ էլեկտրամատակարարման որակի բարձրացման նպատակով։

Այս միջոցառումները կբարձրացնեն Հայաստանի բաշխիչ համակարգի արդյունավետությունը, կնվազեցնեն բաշխիչ ցանցի կորուստները և կբարելավեն էլեկտրաէներգիայի մատակարարման որակը՝ ապահովելով առավել բարձր հսկողություն և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականության և տևողության կրճատում:

«ՎԶԵԲ-ն այժմ փորձում է հասկանալ առաջիկա հինգ տարիների կտրվածքով իր ծրագրերը Հայաստանում, և մեզ համար մեկ բան ակնհայտ է, էներգետիկայի ոլորտը եղել և մնում գերակա ուղղություն, և այս առումով մեր ծրագրերը շարունակական են լինելու: ՀԷՑ-ը մեզ համար շատ հուսալի գործընկեր է, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում: Ընկերության բոլոր ցուցանիշներն ու չափորոշիչները համապատսխանում են մեր բանկի կողմից առաջադրված պահանջներին», - նշեց ՎԶԵԲ առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ի թիմին, որն ամենօրյա ռեժիմում աշխատում է ՀԷՑ-ի հետ՝ ընդհանուր ծրագիրն իր նպատակին հասցնելու համար: «Մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ լավագույն օրինակ կարող է ծառայել մասնավոր հատված-միջազգային վարկային ինստիտուտ արդյունավետ փոխհարաբերության տեսանկյունից: Միջազգային բանկերի հետ մեր համատեղ աշխատանքն թե՛ ժամկետների և թե՛ ծավալների առումով շատ դրական եմ գնահատում»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարն է:

ՎԶԵԲ-ը էներգաարդյունավետության խթանումը դարձրել է իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է և ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992 թվականից Հայաստանում իր գործունեության մեկնարկի օրվանից ի վեր ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում 178 ծրագրերում, ընդ որում ներդրումների 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Տպել