News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը 168.am-ի խնդրանքով մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունի եւ նրա ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։

«Ի՞նչը մեկնաբանել: Ցանկացած խոսք, լինի դա նախկին նախագահների մասին, թե՛ հայոց եկեղեցու հոգևորականներին ծնկի բերելու, թե՛ սպայի պատվի մասին սեփական և միայն իրեն հայտնի պատկերացումների, արդեն իսկ վկայում է այդ մտքերն արտահայտողի հոգեվիճակի մասին: Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինչպես մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը, այնպես էլ պաշտոնավարման ողջ ընթացքում նույն տոնայնությամբ այնքան իրարամերժ, հակասական հայտարարություններ է արել, որոնք հետո փորձել է բացատրել, թե մի դեպքում իր անձնական կարծիքն է եղել, այլ դեպքում` իր` որպես պաշտոնյայի, որ անիմաստ է դրանց անդրադառնալը: Այսքան կարճ ժամանակահատվածում Ամուլսարի, քառօրյա պատերազմը Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ համաձայնեցված լինելու, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի` Հայաստանի շահերին հակասելու, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը «ջուր լինելու» մասին, ԱՄՆ-ի վրա հրապարակավ մուննաթ գալու ու աջակցությունից դժգոհելու և բազմաթիվ այլ թեմաներով հախուռն, չհիմնավորված, իրարամերժ հայտարարություններն ու հետո դրանցից հրաժարվելը ձեզ օրինակ: Այդ հոգեվիճակը` իրեն շատ ավելի լավ ճանաչող երբեմնի թիմակիցը և արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյան այս օրերին միանգամայն դիպուկ և իրական նկարագրում է: Համբերություն բոլորիս»,- ասել է Մերի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մամլո ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, ասել էր.

«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել է նախկինների գործունեությունը՝ մասնավորապես 2018 թվականին։ Ամեն օր էլ մեկնաբանում է։ Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վերադարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն»։

Տպել
Ամենաշատ