Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Առաջին զոհը»:
«Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետը Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը «մարտի 1»-ի գործով վկա էր:





























