Նորմալ է, որ մարդիկ սպասում են արագ փոփոխության եւ հարց են տալիս, թե ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նրա խոսքով, այսօր ՀՀ բյուջետային միջոցներով կա հնարավորություն ՀՀ-ում այն ծավալներով ճանապարհներ կառուցել, որը եղել է այն ժամանակ, երբ Քրք Քրքորյանը 100 մլն դոլար է նվիրել Հայաստանին: «Կես տարվա արդյունքներով բյուջեն գերակատարել ենք 120-125 մլն դոլարով: Դա մոտ այնքան է, որ որքան Լինսի հիմնադրամը տվել է Հայաստանին:

Այդ 120 մլն դոլարի հաշվին մեր զինծառայողների աշխատավարձը բարձրացրել ենք: 2019-ի հունվարի 1-ից 80 հազար թոշակառուի եւ նպաստառուի թոշակն ու նպաստը բարձրացել է, 2020-ի հունվարի 1-ից նորից բարձրանալու է, սեպտեմբերից բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հոկտեմբերից բարձրանալու է հրշեջներին ու անտառապահների աշխատավարձը:

Արագ փոփոխություններն արդեն տեղի են ունեցել, բայց դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Վերջին 1,5 տարում 65 հազար նոր աշխատող է արձանագրվել, դա աշխատաշուկայի 10 տոկոսն է»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե ինչու նախկին կոռուպցիոներ իշխանավորներին չեն ձերբակալում եւ ինչու նրանց կողմից գողացված փողերը հետ չեն վերադարձվում ակնկալված չափով, Փաշինյանը պատասխանեց. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մեղադրվում է խոշոր չափի կաշառքի համար, օգտվելով իր պատգամավորի կարգավիճակից, օգտվելով նրանից, որ ՀՀԿ-ն առաջին անգամ չքվեարկեց իր ձերբակալման օգտին, ՀՀ-ից թողեց հեռացավ:

Միհրան Պողոսյանը, որի դեմ չարաշահումներով քրգործ է հարուցված Հայաստանից փախած է եւ գտնվում է հետախուզման մեջ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-Հարավի» գործով, էլի փախած է ՀՀ-ից, գտնվում է հետախուզման մեջ: Մանվել Գրիգորյանը, Գագիկ խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են:

Մյուս կողմից ես չեմ ուզում թաքցնել, որ սկսած 4-5 առաջվանից ես հայտարարել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները ինձ չեն բավարարում: Նաեւ դա է պատճառը, որ իրավապահ համակարգում շատ էական, շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Հայաստանի ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»: