News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայտարարել են նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ իմփիչմենթի պաշտոնական ընթացակարգի շրջանակում հետաքննություն սկսելու մասին՝ նրան մեղադրելով արտասահմանյան օգնության դիմելու մեջ, որպեսզի վարկաբեկի ընդդիմախոս Ջո Բայդենին հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ։

Սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ անանուն իրազեկիչը ԱՄՆ-ում բողոք էր ներկայացրել Թրամփի եւ Զելենսկու զրույցի բովանդակության մասին։ Արդյունքում՝ որոշ դեմոկրատներ պահանջել են սկսել Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ՝ մեկ այլ երկրին ներքին ընդդիմախոսի վարկաբեկման նպատակով օգտագործելու փորձի պատճառով։

Թրամփը երեքշաբթի խոստացել է հրապարակել Զելենսկու հետ խոսակցության սղագրությունը։ Ավելի վաղ նա հաստատել էր, որ քննարկել է Բայդենին, բայց ասել էր, որ զրույցի ժամանակ ճնշում չի գործադրել Ուկրաինայի նախագահի հանդեպ՝ նախկին փոխնախագահի եւ նրա որդու դեմ հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնելու նպատակով՝ ամերիկյան ռազմական օգնության դիմաց։

Ինչպե՞ս է գործում իմփիչմենթը

Միացյալ Նահանգների հիմնադիրները ստեղծել են նախագահի պաշտոնը եւ զգուշացել լիազարությունների չարաշահումից։ Ուստի նրանք ԱՄՆ Սահմանադրությունում ներառել են պաշտոնից գործող նախագահին հեռացնելու ընթացակարգ։

Համաձայն Սահմանադրության, նախագահը կարող է հեռացվել պաշտոնից «պետական դավաճանության, կաշառակերության կամ մեկ այլ ծանր հանցագործության եւ զանցանքների համար»։

Գոյություն ունի սխալ պատկերացում, որ «իմփիչմենթ» տերմինը վերաբերում է պաշտոնից նախագահին հեռացնելուն։ Իրականում այն վերաբերում է միայն Ներկայացուցիչների պալատի կողմից մեղադրանքների առաջադրմանը, ինչպես քրեական գործի մեղադրական եզրակացությունը։

Բանակռիվներն այն մասին, թե ինչպես պետք է սկսել հետաքննությունը իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում, շարունակվում են։ Դագ Քոլինզը՝ ամենաբարձրաստիճան հանրապետականը դատական կոմիտեում, մինչ այդ ասում էր, որ պաշտոնական հետաքննությունը կսկսվի միայն այն բանից հետո, թե ինչպես կքվեարկի Պալատը։ Բայց օրենսդիր դեմոկրատները հաստատում են, որ նման քվեարկության անհրաժեշտություն չկա։

Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեն ավանդաբար գլխավորում է իմփիչմենթի վերաբերյալ հետաքննությունները, սակայն Դեմոկրատական կուսակցության առաջնորդները կարող են նաեւ պատասխանատու նշանակել հատուկ կոմիտեին։

Եթե  Պալատի 435 անդամների պարզ մեծամասնությունը հավանություն է տալիս մեղադրանքների առաջադրմանը, որոնք հայտնի են որպես «իմփիչմենթի հոդվածներ», գործընթացը հանձնվում է Սենատին, վերին պալատին, որն անցկացնում է դատավարություն նախագահի մեղքը պարզելու համար։

Այդ գործընթացում Պալատի անդամները հանդես են գալիս որպես դատախազներ, սենատորները՝ որպես ատենակալներ, նախագահում է ԱՄՆ Գերագույն դատարանի գլխավոր դատավորը։ Մեղադրական դատավճռի կայացման եւ նախագահին պաշտոնից հեռացման համար պահանջվում է ձայների երկու երրորդի մեծամասնություն Սենատում՝ կազմված 100 անդամից։

Պալատում 235 դեմոկրատ, 199 հանրապետական եւ մեկ անկախ անդամներ կան։ Արդյունքում՝ դեմոկրատները կարող էին իմփիչմենթ հայտարարել Թրամփին՝ առանց հանրապետականների աջակցության։

1998 թվականին, երբ հանրապետականները մեծամասնություն ունեին Ներկայացուցիչների պալատում, այն կողմ քվեարկեց նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնի իմփիչմենթին։

Ներկայում Սենատում 53 հանրապետական, 45 դեմոկրատ եւ երկու անկախ անդամներ կան, որոնք սովորաբար քվեարկում են դեմոկրատների հետ միասին։ Մեղադրական դատավճռի կայացման եւ նախագահին պաշտոնից հեռացնելու համար կպահանջվի 67 ձայն։ Այդպիսով, հանրապետականների 20-ից ոչ պակասը եւ բոլոր դեմոկրատներն ու անկախ անդամները պետք է կողմ քվեարկեին Թրամփին նախագահի պաշտոնից հեռացնելուն իմփիչմենթի միջոցով։

Հանրապետական մեծամասնությունը Սենատում կարող է քվեարկել Թրամփի հանդեպ մեղադրանքների անհապաղ հանման օգտին՝ առանց ապացույցների դիտարկման։

Ոչ մի նախագահ պաշտոնից չի հեռացվել անմիջապես իմփիչմենթի հետեւանքով։ Միայն Ռիչարդ Նիքսոնն է 1974 թվականին հրաժարական տվել, նախքան նրան կարող էին հեռացնել։ Երկուսի՝ Էնդրյու Ջոնսոնի (1868-ին) եւ Քլինթոնի հանդեպ հայտարարվել է իմփիչմենթ Ներկայացուցիչների պալատի կողմից, բայց Սենատը նրանց մեղավոր չի ճանաչել։  

Պակաս հավանական է, թե Սենատը Թրամփին մեղավոր կճանաչի, ու այդ դեպքում փոխնախագահ Մայք Փենսը կդառնա նախագահ Թրամփի լիազորությունների մնացած ժամկետի համար, որն ավարտվում է 2021 թվականի հունվարի 20-ին։

Սահմանադրության 25-րդ լրացման համաձայն՝ նախագահին փոխնախագահը կարող է փոխարինել, եթե պետության ղեկավարն այլեւս չի կարող կատարել պարտականությունները, օրինակ՝ անգործունակության դեպքում։ Այդ գործընթացը սկսվում է նրանից, որ փոխնախագահը եւ կառավարության անդամների մեծ մասը Կոնգրեսին տեղեկացնում են, որ նախագահն ի վիճակի չէ կատարել պարտականությունները։

ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին հայտարարվել է երեք անգամ։ 1868-ին Կոնգրեսը փորձել է իշխանությունից հեռացնել նախագահ Էնդրյու Ջոնսոնին, իսկ 1998-ին իմփիչմենթ է հայտարարվել Բիլ Քլինթոնին։ Այնուամենայնիվ, Սենատն ավելի ուշ արգելափակել է այս երկու նախաձեռնությունները, եւ քաղաքական գործիչները պահպանել են նախագահի աթոռը։

1974 թվականին Ռիչարդ Նիքսոնը իմփիչմենթի սպառնալիքի պատճառով ինքնակամ հեռացավ պաշտոնից՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը։

 Reuters-ի, BBC-ի նյութերով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ