News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կասկածներ էին արտահայտվում մեր հեղափոխության բնույթի եւ նպատակների վերաբերյալ. ոմանք կարծում էին, որ այս հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից: Մյուսները հարց էին տալիս. եթե նրանք չեն այս հեղափոխության ետեւում, ապա ուրիշ էլ ով կարող էր դա անել: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս բարձր ամբիոնից եւս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական եւ քաղաքական ուժի մենաշնորհը, մշտական ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսեւորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում:

Քաղաքական վերափոխումները միտված էին ազատ, ժողովրդավարական եւ երջանիկ երկիր ունենալու երազանքի իրականացմանը՝ երազանք, որը ծնվել էր 80-ականների վերջին՝ Սառը պատերազմի մայրամուտին եւ անկախություն բերել մեր ժողովրդին:

Տիկնայք եւ պարոնայք,

հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ ժամանակակից աշխարհում հնարավոր են ժողովրդավարական փոփոխություններ: Բայց հեղափոխությունը մեր առաքելության սկիզբն էր միայն եւ թերեւս՝ դրա ամենադյուրին փուլը: Ներկայում մենք գտնվում ենք առաքելության մեկ այլ, առավել կարեւոր եւ դժվարին փուլում: Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարական վերափոխումը Հայաստանում անշրջելի է:

Մենք հպարտ ենք, որ արդեն իսկ ունենք որոշակի արդյունքներ: Մեր տնտեսությունն աճում է կայուն եւ բավական արագ: Աճին նպաստեց մեր երկրում տեղի ունեցած շատ կարեւոր գաղափարական փոխակերպումը: Յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքն ունի նշանակություն. այս գաղափարը մեր տնտեսական հեղափոխության կարեւորագույն շարժիչ ուժն է: Եվ մեր կառավարության ամենակարեւոր առաքելությունն է ոգեշնչել եւ համոզել մեր քաղաքացիներին՝ հավատալ իրենց տաղանդին եւ իրական փոփոխություններ կատարելու կարողությանը։

Անհատական ջանքերը եղել են մեր քաղաքական հեղափոխության հաջողության հիմնական բանաձեւը: Հեղափոխությունից առաջ մարդկանց միայն մի փոքր խումբ կար, որոնք հավատում էին, որ անհատական ջանքերը կարող են բերել քաղաքական փոփոխությունների մեր երկրում: Բայց այսօր սա հրամայական գաղափար է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար: Հետեւաբար, մեր ընդհանուր նպատակն է իրականացնել տնտեսական հեղափոխությունը հենց այն նույն ճանապարհով, որով ավելի վաղ կատարվել է քաղաքական հեղափոխությունը:

Բարեփոխումներն ու ինստիտուցիոնալ զարգացումը հզոր գործիքներ են, որ մենք պետք է կիրառենք ժողովրդավարական Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհին:

Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով: Դրանց թվում են, օրինակ, բոլոր տնտեսական եւ քաղաքական խաղացողների համար համահավասար դաշտի եւ անկախ դատական, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը: Կանանց իրավազորումը եւս մեկ ոլորտ է, որտեղ մենք արել ենք համարձակ քայլեր՝ տեսանելի արդյունքներ գրանցելու համար:

Մեր ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենակարեւոր ուղղությունը կրթությունն է: Մենք հավատում ենք, որ միայն կրթության խթանման միջոցով մենք կարող ենք ժողովրդավարությունը դարձնել անշրջելի եւ կարող ենք հասնել կայուն տնտեսական աճի: Մեր տեսլականն է ցմահ կրթությունը դարձնել համազգային գործելակերպ մեր հասարակության բոլոր շերտերի համար` երեխաներից մինչեւ մեծահասակներ:

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ շարունակելու ինստիտուցիոնալ բարեփոխումները, բայց մենք նաեւ հույս ունենք, որ միջազգային հանրությունը կսատարի Հայաստանի նորաբողբոջ ժողովրդավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Մեզ անհրաժեշտ է հասնել միջազգային լավագույն փորձին` ժամանակ եւ ռեսուրսներ խնայելու առումով: Մենք պետք է խուսափենք այլ նորաստեղծ ժողովրդավարությունների կողմից նախկինում թույլ տրված սխալներից` մեր ժողովրդավարական բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր իսկապես հանձնառու են՝ օժանդակելու մեր բարեփոխումների օրակարգին: Մասնավորապես, մենք երախտապարտ ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրամիությանը եւ Եվրոպայի խորհրդին: Ըստ էության, ես նշեցի ՄԱԿ-ը՝ մեր համամոլորակային կազմակերպությունը, որն ընդգրկում է գրեթե ամբողջ միջազգային հանրությունը, եւ հուսով եմ՝ միջազգային հանրության բոլոր անդամները կցանկանային, որ հայկական ժողովրդավարությունը հաջողի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
Ամենաշատ