News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։ Նա 86 տարեկան էր։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով Շիրակի ընտանիքին։

Ժակ Շիրակը ծնվել էր 1932 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում։ Նա զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 1995-2007 թվականներին։

Շիրակը մեծ դեր է խաղացել Շառլ դը Գոլի 1965 թվականի եւ Ժորժ Պոմպիդուի ընտրարշավներում։ Վերջինից ագրեսիվության եւ արդյունավետության համար ստացել է «Բուլդոզեր» մականունը, իսկ ֆրանսիական ԶԼՄ-ները հաճախ Շիրակին անվանել են «քաղաքական կենդանի»։

1977-ից ընդհուպ մինչեւ 1995-ին նախագահ ընտրվելը եղել է Փարիզի քաղաքապետը (առաջին քաղաքապետն ավելի քան մեկ դար ժամանակաշրջանում; պաշտոնը վերականգնվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի առանձին դեպարտամենտի կարգավիճակը վերականգնելուց հետո, այդ ամբողջ ընթացքում քաղաքապետերի պաշտոններ եղել են միայն օկրուգներում)։

2007 թվականի մայիսի 16-ին Ժակ Շիրակը վայր դրեց նախագահի լիազորությունները եւ հեռացավ Ելիսեյան պալատից։ Այդ պահից Ժակ Շիրակը իրավամբ եւ ցմահ դարձավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ։

2011 թվականի դեկտեմբերի 11-ից Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դատապարտվել է պայմանական երկու տարի ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել դիրքի, վստահության չարաշահման, ապօրինի շահ ստանալու եւ 1990-1995 թվականներին պետական միջոցների վատնման մեջ, երբ եղել է Փարիզի քաղաքապետը։ Քննությունը խնդրել է ազատ արձակել Շիրակին պատասխանատվությունից, բայց արդարադատությունն այլ կերպ է որոշել։

Նշենք, որ 2006 թվականին Շիրակը պետական այցով եղել է Հայաստանում։ Նրա այցի ժամանակ Երեւանում հանդիսավոր արարողությամբ բացվել է Ֆրանսիայի հրապարակը։

Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչվել է հենց Ժակ Շիրակի նախագահության ժամանակ։ 1998 թվականին Ֆրանսիայի Ազգային ասամբլեան ընդունեց օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, 2000 թվականին նման օրենք ընդունեց Սենատը։ 2001 թվականին խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Ազգային ասամբլեան, հավանության արժանացրեց օրինագիծը, որի համաձայն՝ Օսմանյան կայսրությունում 1915-17 թվականներին իրականացված հայերի ցեղասպանության ժխտումը հայտարարվում է քրեական հանցագործություն։ Հայերի զանգվածային սպանության ժխտումը պատժվում է մեկ տարի ազատազրկմամբ  եւ 45 հազար եվրո տուգանքով։

Ժակ Շիրակը ոչ միայն ինքն էր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլեւ բազմիցս Թուրքիային կոչ է արել անել դա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ