News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր մեծ նվեր ընդունեց՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Հյուրանոցը պատկանում էր Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին։ Ըստ զեկուցող Սուրեն Պապիկյանի՝ հյուրանոցի շուկայական արժեքը ավելի քան 7 ու կես մլրդ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1 ու 38 հեկտար։ Այս գույքը պահպանելու համար ոստիկանությունը ակնկալում է ամսական 6 ու կես միլիոն դրամ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը լրագրողներին հայտնեց, որ արդեն մարդիկ կան, որոնք ցանկանում են գնել կամ վարձակալել հյուրանոցը։ 

Իսկ կառվարության շենքի առաջ կրկին աղմկոտ էր։ Գետաշենի բնակիչները բողոքում էին, որ 72 հեկտարի վրա ստեղծել են ֆերմերային տնտեսություն, բայց մոտ 10 օր ջուր չլինելու պատճառով չեն կարողացել ոռոգել հողատարածքը եւ մեծ վնասներ են կրել։ Պաշտոնյաներ իջան բանակցելու նրանց հետ, զրույցը վեճ դարձավ։ Գյուղացիները ի դեպ տրակտորներով էին եկել, եւ սպառնում էին փակել փողոցը, եթե փոխահտուցում չտրվի։ Համաձայնություն չկայացավ, ցուցարարները փողոց չփակեցին, բայց խոստացան վերադառնալ:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ։ Նա հիմնականում խոսեց ներքին խնդիրներից, հայտարարեց, որ բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով ֆինանսական իր ռեսուրսները։ Վարչապետը դժգոհեց նաեւ նույն ռեսուրսներից սնվող լրատվամիջոցներից, որոնք, ըստ նրա, կեղծ լուրեր հորինելով՝ հասարակության մեջ անվստահություն են սերմանում թավշյա հեղափոխության ծագման եւ նպատակների վերաբերյալ :

Ղարաբաղի խնդրով Փաշինյանը հիշեցրեց իր բանաձևը՝ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նա ՄԱԿ-ի ամբիոնից կոչով դիմեց Իլհամ ալիեւին՝ ընդունելու այդ  բանաձեւը եւ պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացում առաջընթացի համար:

Լոս Անջելեսից Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ծնկի բերել այն եկեղեցականներին, որոնք կփորձեն քանդել վառավարության ոտքի տակ։  Կաթոսղիկոսը սպասում է նրա վերադարձին՝ ակնկալելով պարզաբանում։

Այսօր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունն էր։ Հիշեցնենք՝ գեներալ գնդապետի դին՝ գլխի հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր Բջնիի նրա առաձնատանը: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ի կեսգիշերին։ Հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

«Արարատ-հակատեռոր-2019» զորավարժությունն ամփոփվել է՝ այն ընթացել է 3 փուլով, նպատակ ուներ բարձրացնել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների եւ ուժային այլ կառույցների պատրաստվածության մակարդակը, հակազդել ահաբեկչական մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Զորավարժություններին մասնակցել են ԱՊՀ 7 պետությունների հատուկ ծառայությունները: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Հայաստանում «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք հասել են զորավարժությունների նպատակին ։

Զուգահեռ ընթանում է նաեւ ռազմավարական զորավարժությունը։ Ըստ զորախաղերի սցենարի՝ հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են «լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի, իրականացվել են քիմիական հարձակման ենթարկված տարածքների հայտնաբերման, մեկուսացման եւ վնասազերծման աշխատանքներ

Ծանրամարատի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Օլիմպիական փոխչեմպիոնը Թաիլանդում անցկացվող աշխարհի առաջնությունում մասնակցեց 109 կգ քաշայինների պայքարին եւ երկամարտում հավաքեց 429 կգ։ Մեր մարզիկը պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը։ Նա բարձրացնելով 199 կգ՝ սահմանեց նաեւ այս վարժության աշխարհի ռեկորդ։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր ամենաբարձր քաշը՝ 230։ Հայ ծանրորդը առաջին փորձով բարձրացրեց եւ նվաճեց տիտղոսը։ Մարտիրոսյանը պատվիրեց նաեւ 241 կգ, որը բարձրացնել չհաջողվեց։ 22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի հրապարակեց նախագահ Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի տեքստը։ Սա այն սկանդալային հեռախոսազրույցն է, որի պատճառով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախատեսում են անվստահության քվե հայտնել Թրամփին։ Ըստ այդ զրույցի սղագրության՝ Թրամփը խնդրել է Զելենսկուն հետաքննություն սկսել՝ պարզելու, թե արդյոք նախագահի դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդընը կասեցրել է քրեական հետապնդումը ուկրաինական այն ընկերության, որի հետ աշխատել է իր որդին։ Դեմոկրատները նրան մեղադրում են Բայդընի ընտրվելու հնարավորությունն այս եղանակով վնասելու փորձի համար։ Թրամփի դեմ այլ կոմպրոմատներ էլ կան, ըստ դեմոկրատների՝ նա սառեցրել է  Ուկրաինային խոստացված ռազմական օժանդակությունը, քանի դեռ չի ստացել դեմոկրատ թեկնածուին սեւացնող տեղեկություններ։ Թրամփը հերքում է մեղադրանքները, թվիթերում նա գրել է՝ «անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս օրերին ընթացող կարեւոր իրադարձությունները՝ դեմոկրատները նորից սկսել են վհուկների որս»։ Հիշեցնենք՝ այս պատմությունը սկսվեց անցյալ շաբաթ, երբ ազգային անվտանգության մի աշխատակցից արտահոսք եղավ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի վերաբերյալ։

86 տարեկանում վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։  Նա ծնվել է 1932-ին Փարիզում, 1977-ից ընդհուպ մինչեւ 1995-ը՝ նախագահության սկիզբը, եղել է Փարիզի քաղաքապետը։ 2007 թվականին Ժակ Շիրակը վայր դրեց նախագահի լիազորությունները եւ հեռացավ Ելիսեյան պալատից։ Այդ պահից նա ցմահ դարձավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ։ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիան ճանաչել է հենց Ժակ Շիրակի նախագահության ժամանակ։ Իսկ 2006-ին Ֆրանսիայի ղեկավարը պետական այցով եղել է Հայաստանում։ Այդ ժամանակ Երեւանում հանդիսավոր արարողությամբ բացվել է Ֆրանսիայի հրապարակը։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 476 դրամ, եվրոն 520 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 586, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ։

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +27+29:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ