Միջազգային հանրությունը պետք է դիմի Իրանին զսպելու վճռական քայլերի՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար, որի հետեւանքը կարող է լինել նավթի գների չտեսնված թռիչքը: CBS հեռքուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տարածաշրջանում է կենտրոնացած էներգակիրների համաշխարհային պաշարների մոտ 30 տոկոսը, առեւտրային հոսքերի մոտ 20 տոկոսը, համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Պատկերացրեք, եթե այս ամենը դադարեցվի: Դա կնշանակի համաշխարհային տնտեսության լիակատար կործանում, ոչ միայն Սաուդյան Արաբիայի եւ մերձավորարեւելյան երկրների: Եթե աշխարհը չձեռնարկի Իրանին զսպելու վճռական քայլեր, մենք կհետեւենք հետագա սրման, որը կսպառա համաշխարհային շահերին: Նավթի մատակարարումները կընդհատվեն, նավթի գները աներեւակայերի չափով կբարձրանան, ինչը մեր կյանքում երբեք չենք տեսել»,- ասել է նա:
Ընդ որում՝ թագաժառանգ արքայազնն ասել է, որ հանդես է գալիս քաղաքական լուծման օգտին: «Քաղաքական եւ խաղաղ լուծումը միշտ ավելի լավ է, քան ռազմականը»,- պարզաբանել է նա: Նրա կարծիքով՝ ԱՄՆ ու Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Հասան Ռոհանին պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ նոր համաձայնագիր կնքելու համար: «Սա այն է, ինչը խնդրում է նախագահ Թրամփը, սա այն է, ինչը բոլորս ենք խնդրում, բայց իրանցիները չեն ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա:
Սեպտեմբերի 14-ի գիշերը հարձակում էր կատարվել սաուդյան ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ի Աբկայկի եւ Հուրայսի ձեռնարկությունների վրա: Պատասխանատվությունը ստանձնել էին եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար հուսիները՝ հայտարարելով, որ դիվերսիան իրագործելիս օգտագործել են պայթուցիկով լցոնված 10 անօդաչու թռչող սարքեր: Պայթյունների եւ հրդեհների հետեւանքով աշխարհում ամենախոշոր նավթ արտահանողի արդյունահանումը օրական 9,8 մլն բարելից նվազել է 5,7 մլն բարելի:
ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հարձակման պատասխանատու են համարում Իրանին: Նրանց վարկածով՝ հարձակումը կատարվել է անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ, ինչպիսիք հուսիների սպառազինության մեջ չկան: Թեհրանում այս մեղադրանքները հիմնազուրկ են անվանել: