News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շաբաթ երեկոյան Հայաստան ժամանեց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ մասնակցելու հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին։ Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը հաջորդ օրն էր Բաղրամյան 26-ում։ Դրան հաջորդեց երկու վարչապետների հանդիպումը, ապա համատեղ ասուլիսը՝ արդյունքերի մասին։ Հայտարարվեց, որ ԵԱՏՄ երկրների եւ Սինգապուրի միջեւ կստորագրվի տնտեսական համագործակցության եւ ազատ առեւտրի համաձայնագիր։

Ավելի ուշ՝ Փաշինյանի և նրա տիկնոջ անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետի եւ նրա տիկնոջ տրվեց պաշտոնական ճաշ։ Երկու վարչապետները հանդես եկան բաժակաճառերով

Արդեն երեկոյան համացանցում հայտնվեց ննջող Փաշինյանի լուսանկարը, որ հրապարակել էր Աննա Հակոբյանը՝ կից գրելով․ «Չգիտեմ՝ ինչպես համոզեմ, որ օրվա մեջ կարելի է նաեւ մեկ ժամ հանգստանալ: 24/7 աշխատելու հետեւանքը»։

Մի ժամ քնելու հորդորը կիսատ իրականացավ։ Կես ժամ հետո տիկինը նոր լուսանկար հրապարակեց՝ Փաշինյանն արդեն արթուն էր։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար այսօր Երեւան ժամանեցին Մոլդովայի , Ղրղզստանի , Բելառուսի , Ղազախստանի  նախագահները, ավելի ուշ նաեւ ՝ Իրանի նախագահ Ռոհանին։ Ռուսաստանի նախագահ Պուտինը կժամանի վաղը՝ հոկտեմբերի 1-ին։

Ուրբաթ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը երեկոյան ժամի մոտեցել է Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին ու փորձել է ճշտել, թե արդյոք նա Փաշինյանի ասած՝ պատի տակ վնգստացող դատավորներից է։ Եվս մեկ աջակից՝ Սարգիս Օհանջանյանը, նկարահանել է այս զրույցի փորձը։ Աննա Դանիեբկյանը դատարան հասնելուն պես դիմել է ոստիկանություն, Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, ավելի ուշ բերման են ենթարկել նաեւ Սարգիս Օհանջանյանին ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հոդվածով։ Արդեն կիրակի օրը դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը, երկուսն էլ կալանավորվել են ։

Իշխանության այս արձագանքը քաղաքական, իսկ կալանավորված երիտասարդներին՝ քաղբանտարկյալներ համարեցին մի շարք իրավապաշտպաններ եւ հասարակական գործիչներ։

«Վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս»,- հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հրապարակախոս Վահան Իշխանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց նոր Հայաստանի երեք քաղբանտարյալների մասին․ առաջինը բանտում է և ըստ նրա՝ մեղադրվում է այն բանն անելու համար, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու համար, ինչը ասել է երկրի վարչապետը, երրոդին դատարանը կալանքի սանկցիա է տվել, քանի որ նկարահանել է այն, որ Նարեկ Մութաֆյանը արտասանել է վարչապետի խոսքը՝ վնգստացող դատավորների մասին»։

Մութաֆյանի եւ Օհանջանյանի քաղբանտարյալ լինելու մասին այսօր հայտարարեց նաեւ նրանց փաստաբանը՝ նշելով, որ ոչ ձերբակալման, առավել եւս կալանավորման օրինական հիմքեր չեն եղել։

Ուրբաթ օրը մի աղմկոտ ձերբակալություն էլ եղավ։ Իրավապահները մեղադրանք առաջադրեցին Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյայի՝ Նորայր Փանոսյանին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, եւ նրա ձերբակալությունը մամուլը գնահատեց որպես Թովմասյանի դեմ սկսված դեմարշի մի դրվագ։  Ի դեպ, Փանոսյանը Թովմասյանի միակ սանիկը չէ, որ քրեական հետապնդման է ենթարկվում, սեպտեմբերին ձերբակալվել էր նաեւ ԱԺ մեկ այլ նախկին պաշտոնյա՝ մեդալներ կեղծելու գործով, նա եւս քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Հրայր Թովմասյանի հետ։

Կիրակի օրը նաեւ ընտրական էր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել 7 մարզերի 19 համայնքներում, որոնցից 6-ում՝ արտահերթ : Քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 49 տոկոսը կամ 44339 քաղաքացիներից 21603-ը։

Մամուլի ուշադրությունը գրավեց հատկապես երկու համայնք․ Վանեվանի գյուղապետ ընտրվեց հրաժարականով հեռացած գյուղապետի որդին՝ Իգոր Հարությունյանը, ընդ որում՝ 2 ձայնի առավելությամբ, գյուղում շատերը չեն համակերպվում, որ գյուղապետի պաշտոնը հորից որդի է անցնում, նրանք NEWS.am-ին հայտնել են, որ շարունակելու են պայքարը նաեւ որդու դեմ եւ բողոքարկելու են ընտրության արդյունքերը։

Իսկ Զարթոնք գյուղում ընտրություններից հետո ինքնաբուխ քեֆ ուրախություն է սկսվել, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը, որ իր դեմ ցույցերից հետո հրաժարական էր տվել, կրկին առաջադրվել էր, բայց մոտ 90 ձայնով զիջեց իր մրցակցին՝ Սամվել Աղաջանյանին։ 

Բավական լարված վիճակ է Նորաշեն համայնքում։ Գյուղապետ Նորայր Գրիգորյանը, դեռ արձակուրդի մեջ, հայտնաբերել է, որ այլեւս գյուղապետ չէ, ընդ որում՝ իր պաշտոնակնության մասին ոչ մի գրություն չի ստացել, բանավոր իմացել է պահակից։ Ավագանին նիստ է արել, արձանագրությունը ուղարկել մարզպետին, որն էլ անմիջապես ստորագրել է։ Այս անակնալը գյուղում չմարսվեց, շուտով ցույց սկսվեց՝ ի պաշտպանություն արդեն նախկին գյուղապետի։  Ավագանին հասցրել էր նաեւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել՝ ավագանու անդամ Արտակ Հարությունյանին։ Այսօր նրա առաջին աշխատանքային օրը պետք է լիներ գյուղապետի պաշտոնում, բայց գյուղապետարանի դուռը փակ էր։  Նախկին գյուղապետը հայտարարեց, որ ավագանին պատշաճ ձևով նիստ չի արել, արձանագրությունը կազմել են ծիրանի ծառի տակ, 5 ստորագրությամբ, մեկն էլ՝ կեղծ։ Մարզպետն էլ, ըստ Նորայր Գրիգորյանի, իր հետ հին հաշիվներ ունի՝ ժամանակին առաջարկել է ՔՊ-ական դառնալ, ինքը մերժել է, ընտրություններում էլ նրան չի պաշտպանել։  Արարատի մարզպետը նախկին գյուղապետին եւ պաշտոնակատարին իրենց կողմնակիցների հետ հրավիրեց հանդիպման, բայց քննարկում չստացվեց, փոխարենը իրար վրա ձայն բարձրացրին։ Հանդիպումն ավարտվեց առանց արդյունքի, նախկին գյուղապետը մտադիր չէ պաշտոնը զիջել, պայքարը շարունակվելու է։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 475 դրամ, եվրոն 519 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 585, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 34 դրամ։

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանըմի քանի աստիճանով կբարձրանա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +26+28:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ