«ՎԵՏՕ» շարժումը հայտարարություն է պատրաստել Հայաստան ժամանած օտարերկրյա ղեկավարների համար, որը նպատակ ունի տեղեկացնել «Սորոսի գրասենյակի» վտանգների մասին եւ կոչ անել համախմբել բոլոր ուժերը «Սորոսի գործակալական ցանցի» դեմ։

Այս մասին այսօր ՝ հոկտեմբերի 1-ին, Մատենադարանի դիմաց ԵԱՏՄ անդամ-պետությունների եւ Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին իրազեկման ակցիայի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Որքան էլ «Սորոսից վարձատրվողները» լեգենդներ հյուսեն մեր մասին, իրականում մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են, շատ հաճախ փորձում ենք գործը գլուխ բերել տարբեր հնարամտություններով, որպեսզի կարողանանք ներկայանալի եւ հետաքրքիր ակցիաներով ՀՀ քաղաքացիների ուշադրությունը գրավել մեր պետականությունը պարուրած եւ խեղդող օտարերկրյա գործակալական ցանցի կործանիչ գործունեության վրա»,– ասաց Մալյանը։

Նա նշեց, որ իրենց շարքերը պարբերաբար համալրվում են, նույնիսկ հայտնեց, որ իրենց հետ համագործակցում են «Սորոսի գրասենյակում» աշխատող մարդիկ, որոնք ներքին տեղեկատվություն են հայտնում գրասենյակում կատարվող անցուդարձից, ինչպես նաեւ, «Սորոսի գրասենյակում» հեռանում են աշխատանքից, քանի որ չեն ցանկանում առնչվել նրա գործունեության հետ եւ արժանանալ հանրային պարսավանքի։

«Սորոսից գրանտ ստացվածները չունեն արժեքներ եւ պատրաստ են ժխտել Աստծո գոյությունը, փողի դիմաց նրանք պատրաստ են փոխել իրենց անունն ու ազգությունը, նրանք փորձում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը հարմարեցնել իրենց տիրոջ քմահաճույքներին»,–նշեց նա։

Մալյանը համոզված է՝ այսօր հետեւողական պայքար է տարվում մի շարք արժեքների դեմ. «Պայքար է Հայ առաքելական եկեղեցու դեմ, տրանսվեստիտ մարմնավաճառին ընդունել է ԿԳ նախարարը, որպեսզի լուծեր դպրոցներում նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը, որը երեխաների իրավունքների դեմ է, Ստամբուլյան կոնվենցիան ծաղր է բռնության զոհերի նկատմամբ, բանակը սորոսականների պատկերացմամբ ավելորդ եւ քանդման ենթակա կառույց է, դեմոնիզացվում է հայկական բանակը, պետության զավթումը պետության քանդման գործիք է եղել, սորոսականները սիրում են հեղել ուրիշի արյունը։

Չնայած Նիկոլ Փաշինյանը հերքում է սորոսականների կապը 2018 թվականի հեղափոխության հետ, սակայն այդ կապի մասին ամեն օր խոսում է  «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը, որը ամեն առիթով հայտարարում է, որ եթե տարիներ շարունակ չաշխատեին, հեղափոխությունը հնարավոր չէր լինի»։

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26, որտեղ տեղի է ունենում ԵԱՏՄ նիստը։