Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ,

հարգելի բարեկամներ,

ուրախ եմ ողջունել Ձեզ Երեւանում՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական հաճախ ենք հանդիպել, եւ մեր միջեւ ձեւավորվել են բավական ջերմ հարաբերություններ։ Հուսով եմ եւ վստահ եմ, որ այդ հարաբերությունները նաեւ շատ օգտակար կլինեն մեր երկրների միջեւ հարաբերությունների համար, եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ՝ Ձեզ հետ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ Մենք պետք է աշխատենք մեր առեւտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այսօր իրապես կան այդպիսի հնարավորություններ, պետք է ուղղակի օգտագործել։ Հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում մեր համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում, եւ ես վստահ եմ՝ իրապես աշխատելու պարագայում կոնկրետ արդյունքներ կունենանք»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ,

հարգելի բարեկամներ,

նախեւառաջ շատ ուրախ եմ կրկին գտնվել Երեւանում։ Վերջին 2.5 տարում արդեն 3-րդ անգամ եմ Երեւանում։ Հուսով ենք, որ Դուք մոտակա ժամանակներում Ձեր առաջին պաշտոնական այցը կկատարեք Մոլդովայի Հանրապետություն։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ Ձեզ հրավիրել Մոլդովա։

Գիտեք, որ մեր երկրների միջեւ ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով։ Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի առեւտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվենք։ Այս առնչությամբ կարելի է Ձեր այցին զուգահեռ կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը վաղուց չի գումարվել։ Մենք հիմա հաստատում ենք միջկառավարական հանձնաժողովի մոլդովական կողմի կազմը։ Այդ պատճառով հուսով եմ, որ մյուս տարվա սկզբին կկայանան Ձեր պաշտոնական այցը եւ Միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցում Մոլդովային աջակցելու համար։ Նախորդ տարի մայիսի 14-ին Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ։ Մեզ համար սա շատ հետաքրքիր, հեռանկարային հարթակ է. որպես դիտորդ երկիր՝ մենք նախագահի մակարդակով մասնակցում ենք բոլոր նիստերին, մասնակցում են իմ գործընկերները, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ լուրջ, լավ ներուժ ունենք։

Երեւի տեղյակ եք, որ հունիսի սկզբին Մոլդովայում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ. մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, նոր կառավարություն ենք ձեւավորել, որն ստացել է եւ ներկայում ունի Մոլդովայի Հանրապետության բնակչության շուրջ 80 տոկոսի աջակցությունը։ Մոլդովայի 28 տարվա անկախությունից ի վեր այսպիսի ներքին կոնսենսուս առաջին անգամ է արձանագրվում, որն ամրապնդված է նաեւ արտաքին քաղաքական կոնսենսուսով։ Դա մեզ լավ հնարավորություն է տալիս առաջ շարժվել արտաքին առեւտրի, արտաքին քաղաքական կապերի զարգացման ուղղությամբ։ Ես նաեւ հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները եւ՛ իմ այցից, եւ՛ Ձեր պաշտոնական այցից հետո կբարձրանան այլ մակարդակի»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, եւ այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Մոլդովայում քաղաքական իրավիճակի կայունությունը, ինչը կնպաստի երկրի առաջընթացին եւ գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը։

Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Դոդոնը քննարկել են Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաեւ Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։

Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման համատեքստում եւ փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։