News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ:

Վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երեւանում եւ նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը: «Ցանկանում եմ նախ օգտվելով առթից եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաեւ, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը եւս քվեարկել է Ձեր օգտին: Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ղազախստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ: Ուրախ եմ, որ վերջին շրջանում փոխգործակցությունն այդ ուղղությամբ ընդլայնվում է, սակայն առկա է մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է հետեւողական քայլեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Եվրասիական տնտեսական միությունը եւս այդ ուղղությամբ մեծ հնարավորություններ է տալիս, որոնք պետք է օգտագործել:

Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ավելացրել. «Հայ ժողովրդի աչքերում տեսնում եմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն: Ուրախ եմ, որ Երեւանը շարունակում է զարգանալ, այն իմ տեսած քաղաքներից ամենագեղեցիկներից մեկն է: Ղազախ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում հայ ժողովրդի նկատմամբ, եւ մեր երկրի մոտ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ցանկությունը շատ մեծ է»: Կասիմ Ժոմարտ Տոկաեւը եւս կարեւորել է առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը եւ այդ համատեքստում համաձայնել վարչապետ Փաշինյանի հետ, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանը եւ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը քննարկել են էներգակիրների, գյուղատնտեսության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին եւ հնարավորություններին վերաբերող հարցեր: Կողմերը փոխադարձ արտահանման եւ ներմուծման ծավալներն ավելացնելու առումով անդրադարձել են տրանսպորտային ենթակառուցվածքներին եւ առկա խնդիրների հաղթահարման հնարավորություններին:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, այդ թվում` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ հարթակներում:

Կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը Կասիմ Ժոմարտ Տոկաեւին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ