News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեկվանից Երեւանում են 6 երկրների առաջնորդներ, այսօր կեսօրից հետո նրանց միացավ նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչեւ գլխավոր իրադարձությունը՝ ԵԱՏՄ բարձագույն խորհրդի նիստը, մասնակից ղեկավարները նախ ավանդույթի համաձայն միասին լուսանկարվեցին։

Հետագա արարողակարգը խախտեց վրացի լրագրողը, նա հաջողացրեց հարցեր տալ դեպի նախագահական քայլող Պուտինին։

ԵԱՏՄ առաջնորդները նախ հանդիպեցին նեղ կազմով՝ Հայաստանի վարչապետը, Ռուսատանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները քննարկեցին ընդհանուր տնտեսական օրակարգը։ Հաջորդը ընդլայնված կազմով նիստն էր, որին արդեն մասնկցում էին հյուր ղեկավարները՝ Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը եւ դիտորդ պետության՝ Մոլդովայի նախագահը։ Նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Սա կարեւորեց Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում էր նաեւ միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը։ Պուտինը խոսեց դրա հեռանկարի մասին։

Սինգապուրից ակնկալվող գործընկերությունը վավերացվեց փաստաթղթերով, ԵԱՏՄ-ն այդ երկրի հետ կնքեց ազատ առեւտրի համաձայնագիր, ինչպես նաեւ համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիր:

Բացի այս՝ առանձին օրակարգեր էլ քննարկվեցին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Իրանի նախագահի հետ , ապա նաեւ Ղազախստանի եւ Մոլդովայի նախագահների հետ։

Կայացավ նաեւ Պուտին-Ռոհանի հանդիպումը։ Ի դեպ, չնայած նախապես հայտարարվել էր, որ առանձնազրույց կունենան Փաշինյանը եւ Պուտինը, տեսախցիկները այդպիսի դրվագ չֆիքսեցին։

Այնուհետեւ գագաթաժողովի մասնակիցները ուղեւորվեցին Թումո կենտրոն։ Միկրոավտոբուսում նրանց հետ Փաշինյանը սելֆի արեց՝ լուսանկարն էլ հրապարակեց ֆեյսբուքայն իր էջում՝ վերնագրելով՝ Ճանապարհային սելֆի։ Ընդ որում ասաց, որ այդ ընթացքում հասցրել են կարեւոր որոշում ընդունել

Արդեն երեկոյան՝ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը՝ վերահաստատելով երկկողմ գործընկերության ռազմավարական բնույթը։ 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում։ 

«ՎԵՏՕ»-ն այսօր Մատենադարանի առաջ ցույց էր անում՝ իրազեկման ակցիա հատուկ Հայաստան ժամանած օտարերկրյա ղեկավարների համար։ Նպատակն է նրանց տեղեկացնել «Սորոսի գրասենյակի» վտանգների մասին եւ կոչ անել համախմբվել «Սորոսի գործակալական ցանցի» դեմ։ Մալյանն ու նրա համախոհները մտադիր էին երթով գնալ դեպի Բաղրամյան 26, բայց ոստիկանությունը թույլ չտվեց, բացատրեցին, օրենքներից մեջբերումներ արեցին, թե արգելված է։ Ակցիան այսքանով ավարտվեց։

Բայց մի այլ խումբ՝ արեւմտամետ քաղաքացիներ, հաջողացրել էին ցույց անել Բաղրամյան 26-ի առաջ։ Նախագահական մտնող ղեկավարներից նրանք պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ակցիան իրականացնում էին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը եւ Հելսինկյան ասամբլեայի Երեւանի գրասենյակի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը։

Դժգոհ մի խումբ էլ հավաքել էր կառավարության շենքի առաջ։ Կազմակերպիչը «Հայաստանի եվրոպական կուսակցության» համանախագահ Տիգրան Խզմալյանն էր։ Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն ենիչերական անապատատափաստանային մղձավանջ է, որից պետք է ազատել Հայաստանը եւ անդամակցել Եվրամիությանը։

Ռուսաստանի դեսպանատան առաջ ռուսամետ կողմնորոշումով կոմունիստներն էին։ Նրանք էլ պաստառներ էին պարզել հակաարեւմտյան գրություններով․ հավերժ Ռուսաստանի հետ՝ հայտարում էին նրանք։

Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց։ Դատարանն այսօր բավարարել քննիչի միջնորդությունը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Նորայր Փանոսյանի որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատարանը նաեւ մերժեց փաստաբանի միջնորդությունը 20 միլիոն դրամ գրավով Փանոսյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Հիշեցնենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու սանիկներ քրեական հետապնդման են ենթարկվում, ըստ մամուլի՝ այս մեթոդով իշխանություները փորձում են սեղմել Թովմասյանի շուրջ օղակը։

Նորաշենցիները չեն համակերպվում մարզպետի որոշման հետ, նրանց գյուղապետ Նորայր Գրիոգրյանն իր եւ գյուղի համար անակնկալ հեռացվել է պաշտոնից, մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ ստորագրել է ավագանու որոշումը։ Գրիգորյանն ու նրա կողմնակիցները ավագանու արձանագրությունն էլ, մարզպետի հաստատող ստորագրությունն էլ համարում են ապօրինություն։ Հակառակ թեւում իր կողմնակիցների հետ ավագանու անդամ Արտակ Հարությունյանն է, որ մարզպետի հավանությամբ փորձում է նստել գյուղապետի աթոռին։ Այսպիսի վեճերով նորաշենցիները այսօր հավաքվեցին Մարզպետարանի շենքի առաջ եւ շուտով վեճ ու ծեծկռտուք սկսվեց․ բերման ենթարկվեց գյուղապետի պաշտոնակատարը։ Մարզպետի սենյակի առաջ էլ էին հավաքվել դժգոհ նորաշենցիներ։ Մի կին պատմեց, որ Գարիկ Սարգսյանը վիրավորված է իրենցից եւ պայման է դրել՝ միայն ներողության դեպքում կվերանայի իր որոշումը։ Բայց մարզպետն անդրդվելի մնաց, նա դուրս եկավ աշխատասենյակից նախարար Պապիկյանի գրությամբ եւ հայտարարեց, որ իր որշումը եղել է օրենքի ուժով:

Կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանը: Քանդակագործը ծնվել է 1933-ին Կահիրեում, քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից: 1948-ին ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, ապա գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975-ին Հայաստանից մեկնել է Կանադա, դասավանդել է Քվեբեքի համալսարանում։ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել էր Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը։

Դոլարի փոխարժեքն այսօր աննշան աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 518 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 584, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 32 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +28+30:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ