News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Այսօր Դավիթ Սանասարյանը դարձյալ խոսեց իր դեմ հարուցված քրեական գործից՝ պնդելով, որ այն շինծու է, իսկ սարքողը, ըստ նրա, ԱԱԾ-ն է, ավելի կոնկրետ՝ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա հայտարարեց՝  թոշակի գնացած մի պաշտոնյա սխալ ինֆորմացիա է զեկուցել վարչապետին, իսկ մեկ այլ պաշտոնյա՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել։ Սանասարյանը նույնիսկ կարեկցեց Թորոսյանին՝ հիշեցնելով քրեական հնարավոր պատասխանատվության մասին։

Այսօր խորհրդարանում լրագրողները Թորոսյանին փոխանցեցին Սանասարյանի մեղադրանքները։ Ի տարբերություն Սանասարյանի, նախարարը նրան չի կարեկցում։

Մի ոչ հաճելի դեբատ էլ Արսեն Թորոսյանին սպասվում էր խորհրդարանում, «Իմ քայլը» օրինագծով առաջարկում էր մասնավորեցման ենթակա հաստատությունների ցանկից հանել Մաշկաբանության եւ սեռավարակաբանության գիտագործնական բժշկական կենտրոնը: Իսկ այդ կենտրոնը արդեն մասնավորեցման փուլում է, Ազգային Ժողովը ավելի վաղ պետք է դրանով մտահոգվեր, Առողջապահության փոխանախարարի այս դիտողությունը դուր չեկավ Արարատ Միրզոյանին։ Երբ Արսեն Թորոսյանը փորձեց պաշտպանել իր տեղակալին, մի կոշտ արձագանք էլ նրան բաժին հասավ։

Ազգային Ժողովի քառօրյայի օրակարգում է «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծը։ Հեղինակը իշխող «Իմ քայլն» է, «Լուսավոր Հայաստանը» արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու։ «Բարգավաճ Հայաստանը» դիրքորոշում հայտնեց այսօր, իմքայլականների փաստարկները նրանց չեն համոզել։

Ազգային ժողովում նաեւ կառավարության հետ հարց ու պատասխանի օր էր։ «Իմ քայլից» հարց ուղղեցին վարչապետին աշխարհահռչակ դարձած սելֆիի մասին։

Փաշինյանը խոսեց նաեւ Պուտինի հետ երկու հանդիպումներից, հայտարարեց, որ ընդհանուր երեք ժամ զրուցել են, քննարկել երկու երկների հարաբերությունների ողջ ծավալը։

ԲՀԿ-ից հետաքրքվեցին գազի թանկացման համառ լուրերից, երկար ժամանակ կառավարությունը բանակցում է դրա գնի շուրջ, արդյոք թանկացում սպասվում է ձմռանը ։

Երեկ ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտին մամուլը գրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնելուց առաջ ռուսական դեսպանատանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին: Նրանք թեյել են և երկար զրուցել։ Հանդիպման լուրը այսօր արդեն հաստատեց երկրոդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ապա նաեւ Կրեմլի խոսնակ Պեսկովը։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու համար հարուցված քրեական գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի կալանավորված օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

«Սպային հարվածողը հարվածում է ազգին» այսպիսի գրությամբ պաստառներով Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները։ Նրանք քննչականից պահանջում էին արդար քննություն իրականացնել։

Փոխգնդապետը դեռ կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքին, բայց ապաքինման հույս բժիշկներն ունեն։

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, կազմել է 476 դրամ, եվրոն 519 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 583, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 28 դրամ։

Հայաստանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +29+31։  

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ