News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ-ն կընդունի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ի ցանկացած որոշում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միզորյանը։

Կարծիքին, թե իշխող քաղաքական ուժը մտադրություն ունի չեզոքացնելու իրենց համար անցանկալի մարդկանց դատական համակարգից, Միրզոյանն ասաց.

«Կարող եմ ամբողջ քաղաքական ուժի անունից ասել, որեւէ մտադրություն չունի եւ չի ունեցել  իր համար ենթադրյալ անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից։ Ճիշտ հակառակը, մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին, եւ եթե մենք նման մտադրություն ունենայինք, ապա այս ամիսների ընթացքում աս կամ այն կերպ դրսեւորված կլիներ։ Ես իմ երեկվա ելույթն ավարտեցի այսպես, նա ուներ այդ շանսը, եւ նա այդ շանսը բաց է թողել։ Ի՞նչ շանսի մասին է խոսքը, գլխավորել ՍԴ նախագահ՝ գլխավորեր անաչառ, օբյեկտիվ, արդար դատական համակարգը։ Իմ խորին համոզմամբ, նա այս ընթացքում արել է բաներ, որոնք պայմանավորված են եղել ոչ թե այդ արդար դատական համակարգն ապահովելուն, այլ բոլորովին այլ, այն է շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը։ Ես պնդում եմ, որ նա ունի շատ նեղ ներքաղաքական դիրքորոշում»։

Ճշտող հարցին՝ արդյոք ինքը նկատ ունի Հանրապետական կուսակցությանը, Արարատ Միրզոյանն ասաց. «Այո, ես հենց այդպես էլ ասացի։ Եվ հիմա էլ եմ ասում, նա արդար դատական համակարգի տեսանկյունից հանդես չի գալիս»։

ԱԺ նախագահն ասաց՝ ինչպիսի հանգուցալուծում էլ լինի, կախված է ՍԴ-ից. «Եթե ԱԺ-ի որոշումն ընդունվի, արդեն հարցը կլինի ՍԴ-ի տիրույթում, իսկ եթե մերժվում է, ես իմ մտքում շատ քայլեր ունեմ, բայց պիտի հասկանանք՝ հիմա պրոցեսն ինչ պետք է լինի»։

Անդրադառնալով ՍԴ նախագահի հարցազրույցներից մեկում արած այն հայտարարությանը, որ ինքը նման է սահմանին կանգնած զինվորի, Միրզոյանն ասաց. «Դա ի՞նչ բան էր, ստացվում է, որ Հրայր Թովմասյանը հայն էր եւ այս նախաձեռնության հեղինակներն էլ ադրբեջանցինե՞ր, սա ընդհանրապես մի հատ ուրիշ քննարկելու թեմա է, որին չեմ էլ ուզում անդրադառնալ»։

Միրզոյանը պատմեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատշաճ կերպով հրավիրել էր Հրայր Թովմասյանին՝ ներկա գտնվելու նիստին, պաշտպանել իր դիրքորոշումը, պատասխանել պատգամավորների հարցերին, եղել է եւ՛ հեռախոսազանգով, եւ՛ էլեկտրոնային տարբերակով, սակայն նա մերժել է, այնուհետեւ ներողություն խնդրել միայն ԲՀԿ-ից, որն ըստ ԱԺ նախագահի՝ անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ։

«Ինչպես տեսաք, նա չեկավ՝ ներողություն խնդրելով ԲՀԿ-ից, սա ԱԺ-ն որպես ինստիտուտի եւ ԱԺ-ի մնացած քաղաքական ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, եւ հերթական անգամ գալիս է ապացուցելու, այն ինչի վրա ես շեշտադրում էի կատարում, մասնավորապես, որ շատ հստակ քաղաքական դիրքորոշման, քաղաքական մոտիվացիայի եւ քաղաքական պատճառաբանության տարրեր կան, եթե ոչ՝ ամբողջովին դրա վրա են հիմնված։ Հրայր Թովմասյանի գործողություններում պարբերաբար եւ այդ շարժառիթներն իրենց արտացոլումն են գտել բոլոր այն դրվագներում, որոնցով, որ հիմնավորվում էր ԱԺ-ի որոշումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ