News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արցախում տեղի ունեցած ռազմավարական զորավարժությունների և տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ «Արցախպրես»-ը զրուցեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ:

Պարոն Ղարամյան, թերևս սկսենք Արցախում կայացած ու այսօր ավարտվող զորավարժություններից: Ինչպես ե՞ք գնահատում դրա ընթացքը, արդյո՞ք արդյունքները գոհացնող են:

Այս զորավարժությունը հնարավորություն էր ամբողջական պատկերացում կազմելու հնարավոր պատերազմի դեպքում պետական կառավարման համակարգի գործողությունների վերաբերյալ՝ քայլ առ քայլ: Պահեստազորի իրազեկումից՝ կրակային փուլ, հասարակության արձագանքից՝ զորքերի տեղաշարժ:

Զորավարժություններն ավարտվեցին, կան նախնական գնահատականներ, սակայն առջևում է այդ գործընթացը դետալ առ դետալ վերլուծելու, թերությունները շտկելու և առաջ շարժվելու համար: Պետական համակարգը, հասարակական հատվածը որպես մեկ ամբողջություն պետք է ներդաշնակ, համախմբված արձագանքեն Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև ցանկացած օղակի անգործություն, անարդյունավետություն ազդելու է մեր ընդհանուր անվտանգային միջավայրի վրա:

Այն որ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարում, դա կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, սակայն լայնամասշտաբ գործողությունների դեպքում պետական ողջ համակարգը պետք է արագ, ճկուն արձագանքի տեղի ունեցող զարգացումներին:

Պահեստազորն ակտի՞վ էր, ինչպե՞ս եք գնահատում պահեստազորի հավաքները, ի՞նչ անելիքներ ունենք այս ուղղությամբ:

Արցախի պահեստազորը՝ սպաները, ենթասպաները, շարքայինները ընդհանուր առմամբ բավականին արագ են արձագանքում պահեստազորի հավաքներին, ունենք մարտունակ պահեստազոր, որը անհրաժեշտ պահին համալրելով զինված ուժերի շարքերը ունակ է խնդիր կատարելու:

Սա իհարկե չի նշանակում, որ այս ուղղությամբ անելիքներ չունենք, ավելին՝ դեռ պետք է շատ աշխատենք ոչ միայն պահեստազորը մշտական «մարզավիճակում» պահելու համար, այլ մեր ունեցած մարդկային ռեսուրսը ճիշտ տեղում, արդարացի բաշխելու և մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Զորավարժությունների կարևոր փուլերից է՝ զորքերի տեղաշարժերը, դիրքավորումը, տարբեր բնագծեր դուրս հանելը, պահպանությունից պաշտպանության անցնելը, սակայն որպես կանոն զորավարժությունների վերջնական արդյունքների վրա մեծ ազդեցություն ունի կրակային փուլը: Դուք ևս ներկա էիք այդ փուլին, ինչպե՞ս կգնահատեք:

Զորավարժությունների բոլոր փուլերը հավասարապես կարևոր են՝ փոխլրացնող և ցանկացած փուլի ձախողում կարող է ամբողջությամբ ձախողում արձանագրել ընդհանուր գործում:

Նախնական գնահատականներով, զորավարժությունների ընթացքն ու արդյունքները գոհացուցիչ են, բարձր մակարդակով անցկացվեց դրա կրակային փուլը, հիմնական թիրախները ժամանակին խոցվեցին, պաշտպանական, հակահարձակվողական, հարձակվողական գործողությունները, ըստ նախատեսված սցենարի, գրագետ կազմակերպվեցին:

Պարոն գեներալ, վերջին 10 օրերին Հայաստանի և Արցախի սահմաններին իրավիճակը տարբեր օրերին ակտիվ է եղել: Արցախի ուղղությամբ դիվերսիոն գործողություն, անօդաչու սարքի՝ Արցախի տարածքի հատում և մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցում, Տավուշի հատվածում իրավիճակային փոփոխություններ եղան, ինչի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի: Ինչո՞վ եք պայմանավորում այս իրավիճակը:

Այս իրավիճակը բխում է բանակցային գործընթացում առկա իրողություններից: Հատկապես վերջին շրջանում բավականին վատատեսական գնահատականներ են հնչում բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ: Քաղաքական գործընթացների տրամաբանությունն ուղիղ կապված են սահմանին տեղի ունեցող զարգացումների հետ:

Ադրբեջանն անընդհատ կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը առաջ շարժվելու հնարավորություն չի տալիս, ավելին՝ նպաստում է սահմանագծում ակտիվություն մտցնելուն:

Օրեր առաջ ԱՄՆ-ում համանախագահները հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան: Կա՞ն սպասելիքներ, որ իրավիճակը կարող է կայունանա, իսկ բանակցային գործընթացը տեղից շարժվել:

Անկեղծ ասած լուրջ սպասումներ չունեմ, հատկապես որ սահմանին իրավիճակային փոփոխությունները հենց այդ հանդիպումներից հետո եղան, այսինքն՝ Ադրբեջանը սահմանին ակտիվանալով իր վերաբերմունքն է արտահայտում քաղաքական մակարդակում ընթացող գործընթացի շուրջ:

Պարզ ասած, դեռևս տեսանելի չեն այն հիմքերը, ինչը հնարավորություն կտա կողմերին կանգ առած կետից շարժվելու և ստեղծված իրավիճակում էական փոփոխություններ մտցնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լազարյան ակումբի» խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ Կոնստանտին Զատուլինի խոսքերը խեղաթյուրելու մասին
«Լազարյան ակումբի» խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշտական խորհրդին կտեղեկացնեն տարածաշրջան այցի արդյունքների մասին
Այցի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության համաձայն...
Թուրքերը մեր հողերի վրա կարող են 2 պետություն ունենալ, մենք չե՞նք կարող մեր բնօրրանում դա ունենալ. Գրիգորի Այվազյան
Ժամանակին Ադրբեջանը սարսափում էր հայկական սփյուռքից, սարսափում էր, որ կհիշեցնենք իրենց Սումգայիթի մասին, ու դրա համար հորինեցին Խոջալուի…
ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարների միջեւ հակասություն ցույց տալը Ադրբեջանում սին հույսեր է ծնում. Գրիգորի Այվազյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս վերահաստատեց, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել բացառապես պատերազմի միջոցով…
«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին
Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը…
Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
Դավիթ Տոնոյանն ու Եվրամիության բարձրաստիճան պատվիրակը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ