News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պետության ոչ թափանցիկ աշխատանքը հանգեցնում է պատվաստումների մասին ապատեղեկատվության աճի: Հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Միասնական առողջություն» հասարակական շարժման կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

«Կոչ ենք անում չհրաժարվել օրացուցային պատվաստումներից եւ չտրվել ապատեղեկատվությանը: Պատվաստումներից հրաժարվելը հանրության համար կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Փորձագետների տվյալներով՝ աշխարհում կարմրուկի աճը կազմում է 300 տոկոս: Պատկերացնո՞ւմ եք, եթե մեզ մոտ այս հիվանդությունը տարածվի պատվաստվելուց հրաժարվելու պատճառով»,- նշեց նա:

Անդրադառնալով 9 ամսական երեխայի հոսպիտալացման դեպքին՝ Գրիգոր Գրիգորյանը պարզաբանեց, որ հիմա երկրում անցկացվում են ամենամյա պլանային պատվաստումներ, որոնք կարող են կողմնակի էֆեկտներ ունենալ մարդու առանձնահատկություններից կախված, իսկ տոկոսային հարաբերությամբ պատվաստումների կրճատման հարցը պետք է որոշեն մասնագետները:

«Ըստ որոշ տեղեկությունների՝ տղայի ծանր վիճակը կապված է աղեստամոքսային տրակտի խնդիրների հետ, սակայն պատասխանատու անձանց կողմից տեղեկությունների բացակայությունը դառնում է հորինվածքների հայտնվելու պատճառ»,- հավելեց նա:

Փորձագետը նշեց, որ հիմա պատվաստումների մասին լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով նկատվում է պատվաստվողների թվի նվազում։ «Այս թեման պետք է լուսաբանվի ինչպես պատասխանատու անձանց, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։ Հենց պետական մարմինները պետք է ակտիվորեն տեղեկացնեն բնակչությանը պատվաստումների նպատակների եւ դրական հետեւանքների մասին։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում տեղեկատվությանը, ապա նրանց հրապարակումների հավաստիությունը կախված է նրանից, թե որքան թափանցիկ ու բաց է աշխատում իշխանությունը։ Երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձել են տեղեկություն իմանալ 9 ամսական տղայի դեպքի մասին, ապա, իմ տվյալներով, հիվանդանոցում ասել են, որ մինչեւ նախարարության թույլտվությունը չլինի, ոչ մի տեղեկություն նրանք տրամադրել չեն կարող։ Դրա արդյունքում ԶԼՄ-ները մատուցել են այն, ինչ ունեցել են ձեռքի տակ»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եղել է լրագրողի վրա ճնշման դեպք, որը պատվաստումների հարցերի վերաբերյալ հետաքննություն էր անցկացնում։

«Մեր բարձրացրած հարցերն այլ երկրներում համապատասխան կառույցների արձագանքին կարժանանային, բայց մեր երկրում ոչ մի արձագանք չկա»,- ամփոփեց Գրիգոր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների տվյալներով՝ Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն ծանր վիճակում հասցվել էր 9 ամսական մի տղա։ Երեխայի մոտ պատվաստումից հետո բարձրացել էր ջերմությունը, որը պահպանվել էր մի քանի օր։ Չորրորդ օրը նրան հասցրել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բայց ոչ մի դրական դինամիկա չի եղել։ Ծնողները ստիպված ինքնուրույն երեխային տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, քանի որ առաջին հիվանդանոցում երեխային պատշաճ ուշադրություն չեն դարձրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ