News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվության բաժնից։

Նախարարը, ողջունելով կոնգրեսականին, նշել է, որ բարձր է գնահատում Ֆրենկ Փալոնի  գործունեությունը` ուղղված հայոց ցեղասպանության ճանաչմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ Արցախում ականազերծման աշխատանքների եւ այլ մարդասիրական ծրագրերի աջակցմանը։

Հակոբ Արշակյանը Ֆրենկ Փալոնի հետ կիսվել է նաեւ նախարարության ծրագրերի եւ առաջնահերթությունների մասին, ինչպես նաեւ վերջերս ԱՄՆ կատարած այցի որոշ մանրամասներով եւ ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ֆրենկ Փալոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ հանգամանալից ներկայացման համար, նշել է, որ քաջատեղյակ է հայերի տեխնոլոգիական ներուժի եւ տաղանդի մասին: Լինելով ԱՄՆ կոնգրեսի էներգիայի եւ առեւտրի կոմիտեի նախագահը, որտեղ քննարկվում են ինտերնետին, կապի տեխնոլոգիաներին առնչվող հարցեր, կարեւորել է երկկողմ հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ:

Կոնգրեսականը առաջարկել է  ներկայացնել տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք նախարարությանը կհետաքրքրի երկու երկրների միջեւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն առաջ մղելու համար։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ հաշվի առնելով ամերիկյան մի շարք ընկերությունների առկայությունը Հայաստանում ինչպես նաեւ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։

Նախարարը Ֆրենկ Փալոնին է ներկայացրել նաեւ «Google maps»-ի անճշտությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում, «Youtube»-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, «Paypal»-ի՝ Հայաստանում լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով, որ կոնգրեսմենը ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների ղեկավարության հետ:

Ամերիկացի կոնգրեսականը խոստացել է աջակցել բարձրացված խնդիրների շուրջ եւ քննարկել առաջադրված հարցերը «Google» եւ «PayPal» ընկերությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ