News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային Ժողովն այսօր ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը ։ Քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցեց 101-ը: Նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: ԲՀԿ-ն, այս նախաձեռնության միակ ընդդիմադիր խմբակցությունը, չմասնակցեց քվեարկությանը։ Աժ-ն իր այս որոշումը կուղարկի Սահմանադրական դատարան՝ մերժման դեպքում հնարավոր են այլ սցենարներ։

Այս նախաձեռնությանը զուգահեռ Ազգային ժողովի միակ անկախ պատգամավորը` Արման Բաբաջանյանը, դիմում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այն օրինախախտումներին, որոնք ըստ պատգամավորի՝ թույլ են տրվել Թովմասյանին բարձր դատարան հասցնելու ճանապարհին։

Ի դեպ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այսօր հաստատեց՝ ՍԴ նախագահիին ուղղված հրավերում եղել է վրիպակ՝ սեպտեմբերի 24-ի փոխարեն գրել են հոկտեմբերի 24, հրավերը արագ են կազմել, ինքն էլ արագ ստորագրել է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Սոչիում «Վալդայ» համաժողովին արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - ասել է Ալիևը։ Ալիևը անդրադարձել է նաև Փաշինյանի թեզին, թե ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար. «Չկա այդպիսի գաղափար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը կազմված էր ադրբեջանցիներից և հայերից, որոնք ունեին հավասար իրավունքներ»,- ասել է Ալիեւը։ «Վալդայ» վեհաժողովից առաջ տեղի է ունեցել Ալիև-Պուտին հանդիպում, որից մանրամասներ չկան, սակայն համաժողովի ելույթում Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Մոսկվան պայմանավորվել են շարունակել աշխատանքները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ հիշեցնելով, որ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագրի շրջանակում արդեն իրացվել է 3 միլիարդը։

Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիեւի հայտարարությանը։ «Ադրբեջանի նախագահը որեւէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը:  ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները եւ Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը՝ դրա արդյունավետ դիմակայումը համարելով համահայկական խնդիր։

Ալիեւի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ հնչեցին նաեւ խորհրդարանից։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի կարծիքով՝ Ադրբեջանն այդպիսով ցույց է տալիս, որ չի տեսնում խաղաղ բանակացությունների շարունակություն։ Հովհաննես Իգիթյանը սպասում է Լավրովի արձագանքին, ինչպես եղավ Փաշինյանի հայտնի հայտարարության դեպքում։

Շուրջ երեք ամսվա դադարից հետո վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը։  Ըստ մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը ապրիլյան զանգվածային ակցիաների ժամանակ հատուկ միջոցներ գործադրելով դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչի հետեւանքով էական վնասէ պատճառվել քաղաքացիների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Հեղափոխությունից հետո նախկին փոխոստիկանապետը, ինչպես ինքը հայտարարեց, քաղաքականությամբ չի հետարքրքվում, թոշակառու է, այգի է խնամում։

Ի դեպ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոյնյանը եւս եկել էր դատարան, նա այս գործով ճանաչվել է տուժող։  Երեք ամիս դադարից հետո վերսկսված նիստը կարճ տեւեց, դատավորն այն հետաձգեց, քանի որ նիստին չէր ներկայացել Երանոսյանի պաշտպանը։

Դոլարի փոխարժեքն այսօր աննշան աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 522 դրամ է, բրիտանական ֆունտը 587, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 35 դրամ։ 

Հանրապետության առանձին վայրերում հոկտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-ին՝ առանց տեղումների եղանակ: Երեւանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի  +13+15, վաղը ցերեկը՝ +28+30:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ