News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի մասնագետները մշակել են ունիվերսալ պտտվող հարթակ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հարթակին կարող են տեղադրվել տարբեր սարքեր՝ ռադիոլոկացիոն կայաններ, ինֆրակարմիր տեսանելիության համակարգեր եւ այլն: Սարքի առանձնահատկությունն այն է, որ այն մշակված է հատուկ ծանր համակարգեր կրելու համար (մինչեւ 100 կգ), իսկ սարքավորման բոլոր բաղադրիչները նախատեսված են երկարատեւ աշխատանքի համար: Հարթակն ունիվերսալ է եւ կարող է կիրառվել ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքացիական ոլորտում, տեղեկացրել է Զաքարյանը:

Այդպիսի սարքավորումներն ունեն իրենց անալոգները միջազգային շուկայում, ռադիոլոկացիոն կայանների եւ համակարգերի գրեթե բոլոր արտադրողները ձգտում են մշակել սեփական պտտվող հարթակները: «Լինելով ռադիոլոկացիոն համակարգեր մշակող կազմակերպություն՝ մենք եւս ծրագրավորել ենք նոր հարթակ»,-հայտարարել է Զաքարյանը: Հարցին, թե որքանով մրցունակ է այդ հարթակը միջազգային շուկայում գնի առումով, նա նշել է, որ հարթակը Ինստիտուտի էքսպերիմենտալ-կոնստրուկտորային աշխատանքների արդյունք է, այդ իսկ պատճառով նախատիպն ունի բարձր արժեք: «Բնականավար, սերիական արտադրության ժամանակ գինը մի քանի անգամ կնվազի»,-նշել է նա՝ ընդգծելով, որ հարթակը բավարարում է բոլոր պարամետրերին, որոնք ներկայացվում են այդպիսի սարքավորումներին:

Զաքարյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ կրկնակի նշանակության սարքավորումների մշակումը բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղեցնում են առաջատար դիրքեր շուկայում, պարզապես չեն վաճառում դրանք, իսկ եթե անգամ վաճառում են, ապա միայն մեծ ծավալով: «Ամեն դեպքում ճիշտը սեփականն ունենալն է: Կրկնակի նշանակության սեփական մշակումների առկայությունն ինքնիշխանության տարրերից մեկն է»,-ամփոփել է Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ