News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրիայի նախագահ Վան դեր Բելենը պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստյան Կուրցին օժտել է երկրի կառավարության ձեւավորման մանդատով՝ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքներով: Արարաողությունը տեղի է ունեցել երկուշաբթի Վիեննայի Հոֆբուրգ պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կուրցն է կառավարության նոր կազմի ձեւավորման հարցով բանակցություններ վարելու իրավունք ստացել, քանի որ ընտրություններում հաղթել է նրա կուսակցությունը եւ ստացել պատգամավորական մանդատների մեծ մասը: Կառավարության ձեւավորման աշխատանքը կարող է տեւել մինչեւ կաթոլիկ Ծննդյան տոները՝ դեկտեմբերի 25-ը: Կուրցին սպասվում են երկարատեւ եւ բարդ բանակցություններ խորհրդարան անցած 4 կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Անցումային կառավարությունը առաջին կնոջ՝ Ավստրիայի կանցլեր  Բրիգիտե Բիրլյայնի ղեկավարությամբ կշարունակի պարտականությունները կատարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Կառավարության կազմի տարբերակները

Ավստրիայի կառավարությունը երկրի արդի պատմության մեծ մասի ընթացքում ձեւավորվում է 2 քաղաքական ուժերից՝ ըստ կոալիցիայում ավագ եւ կրտսեր գործընկերոջ սկզբունքի: Դեռեւս ոչ մի կուսակցության չի հաջողվել ընտրություններում ձայների ճնշող մեծամասնություն ստանալ կառավարության միանձնյա ձեւավորման համար: Կուրցը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների հետ:

Փորձագետներն առավել հավանական տարբերակներ են համարում «Կանաչների» հետ կոալիցիան կամ կառավարության վերաստեղծումը Ավստրիական աջ ազատության կուսակցության հետ: Սակայն «Կանաչների» հետ տանդեմը կարող է դժվարությունների բախվել միգրացիոն քաղաքականության հարցում ԱԺԿ-ի հետ հակասությունների պատճառով: ՏԱՍՍ-ի հետ զրույցում ավստրիացի քաղաքագետ, Ինսբրուկի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գերհարդ Մանգոտը նշել է, որ երկարատեւ բանակցություններից հետո հնարավոր ելք կարող է լինել  ԱԺԿ-ի եւ ԱԱԿ-ի նոր կոալիցիան: Ճիշտ է, ԱԱԿ ղեկավարությունը հիասթափված է ընտրությունների արդյունքներով եւ վստահ չէ նոր կառավարությանն անդամակցելու հարցում:

Ավստրիայի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 29-ին: Ավստրիական ժողովրդական կուսակցությունը հաղթել է ձայների 37,5 տոկոսով (պատգամավորական 71 մանդատ): Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 21,2 տոկոսով (40 մանդատ): Երրորդ տեղում է Ավստրիական ազատության կուսակցությունը՝ ձայների 16,2 տոկոսով (31 մանդատ): Հաջորդում են «Կանաչները»՝ ձայների 13,9 տոկոսով (26 մանդատ), «Նոր Ավստրիա» լիբերալ կուսակցությունը ձայների 8,1 տոկոսով (15 մանդատ): Մնացյալ քաղաքական շարժումները չեն կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու 4-տոկոսանոց շեմը: Դաշնային ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կհաստատի հոկտեմբերի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ