News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականի ֆիզիոլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակը շնորհել են Ուիլյամ Քելինին, Պիտեր Ռեթքլիֆին եւ Գրեգ Սեմենցային այն հայտնագործության համար, որ բջիջներն ընտելանում են թթվածնի անբավարարությանը: Նոբելյան կոմիտեն այս մասին հայտնել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարվա նոբելյան դափնեկիրների արգասաբեր հայտնագործությունները պարզել են կյանքի համար առավել կարեւոր ադապտիվ պրոցեսներից մեկի մեխանիզմը: Նրանք մեր հասկացողության համար դրեցին այն բանի հիմքը, թե ինչպես է թթվածնի մակարդակը կարգավորում բջիջների նյութափոխանակությունը եւ ֆիզիոլոգիական ֆունկցիաները: Դրանից բացի, նրանց հայտնագործությունը ճանապարհ է բացել անեմիայի, քաղցկեղի եւ այլ շատ հիվանդությունների դեմ պայքարի նոր ռազմավարություններ ստեղծելու համար»,- նշված է կոմիտեի պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ:

Սկզբունքորեն թթվածինն անչափ կարեւոր է ինչպես կյանքի համար, այնպես էլ բջիջների գործելու: Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմը մի շարք մեխանիզմներ է մշակել, որոնք կարգավորում են՝ այն բավարար քանակությամբ թթվածին ստանո՞ւմ է, որ օրգանիզմում ամեն ինչ նորմալ գործի: Մասնավորապես՝ թթվածնի մակարդակից են կախված շնչառությունը, նյութափոխանակությունը, սաղմնային զարգացումը եւ ինֆեկցիաներին ու այլ «նվաճողներին» իմունային համակարգի ռեակցիան:

Հիպոքսիային (այսինքն՝ թթվածնի անբարարությանը) ռեակցիայի համար մարդու օրգանիզմում պատասխանատու է, մասնավորապես, էրիթրոպոետին հորմոնը: Այս հորմոնը որքան շատ է, այնքան մեր արյան մեջ արյան կարմիր մարմիններ շատ են ստեղծվում: Այն, որ այս մեխանիզմը կարեւոր է, գիտնականները գիտեին դեռեւս XX դարասկզբին, բայց թե ինչպես է այն աշխատում՝ անհայտ էր:

Հենց սրանով են զբաղվել երեք դափնեկիրներից երկուսը՝ Գրեգ Սեմենցան եւ Պիտեր Ռեթքլիֆը: Նրանք իրարից անկախ ուսումնասիրել են գեներ, որոնք էրիթրոպոետինի աշխատանքը կարգավորում են կախված թթվածնի քանակությունից: Իրենց հետազոտությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են HIF-1 սպիտակուցը, որն ակտիվանում է միայն թթվածնի անբավարարության դեպքում եւ քաղցկեղաին բջիջներին թույլ է տալիս ադապտացվել այդպիսի պայմաններին: Դրանից բացի, նրանք հայտնաբերել են, որ թթվածնի ընկալման  մեխանիզմն առկա է գործնականում բոլոր հյուսվածքներում, այլ ոչ միայն երիկամների բջիջներում, որտեղ սովորաբար արտադրվում են:

Գրեթե նույն ժամանակ մյուս դափնեկիրը՝ ուռուցքաբան Ուիլյամ Քելինը, ուսումնասիրել է, թե ինչպես է զարգանում հազվագյուտ գենետիկ հիվանդություն Հիպպել-Լանդաուի հիվանդությունը: Նա ուշադրություն է դարձրել, որ այս հիվանդության ժամանակ առաջացած ուռուցքներն այնպես են զարգանում՝ ասես թթվածնի ավելցուկ են ստանում: Ավելի ուշ նա հայտնաբերել է, որ այս հիվանդության դեմ գործող գենը կապված է HIF-1 սպիտակուցի հետ:

Այդպիսով, դափնեկիրների բացահայտումները թույլ են տվել տեղեկանալ, թե ինչպես է մարդկային օրգանիզմն արձագանքում հասանելի թթվածնի պակասին կամ ավելցուկին: Դա կարեւոր է անեմիայի, քաղցկեղի, ինսուլտի եւ ինֆարկտի բուժման ժամանակ:

Սըր Փիթեր Ռեթքլիֆը բրիտանացի բժիշկ եւ մոլեկուլային կենսաբան է, ծնվել է 1954 թվականին Լանքաշիրում: Նա Թագավորական հասարակության անդամ է, ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Նաֆիլդի Օքսֆորդի համալսարանում եւ Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի ինստիտուտում: Ռեթքլիֆը Քեմբրիջի համալսարանում բժշկություն է ուսանել, եւ 1989-ին էրիթրոպոետինի ուսումնասիրության համար լաբորատորիա է բացել:

Ուիլյամ Քելին կրտսերը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է, ծնվել է 1957-ին Նյու Յորքում: 2008-ին դարձել է Դանա-Ֆարբերի անվան օնկոլոգիական ինստիտուտի տնօրենի տեղակալը: Այնտեղ ուսումնասիրել է՝ ինչպես են ուռուցքների ճնշող գեներում մուտացիաներն ազդում քաղցկեղային տարբեր հիվանդությունների վրա: Բացի այդ, Քելինը քաղցկեղի դեմ պայքարող մի շարք բարեգործակական կազմակերպությունների անդամ է: Նրա առանձին աշխատանքներ նվիրված են երեխաների մոտ աչքի ցանցաթաղանթի ուռուցքներին եւ Հիպել-Լինդաու հիվանդությանը:

Բժիշկ Գրեգ Սեմենցան ծնվել է 1956-ին Նյու Յորքում, ավարտել է Հարվարդի (1978-ին) եւ Փենսիլվանիայի համալսարանները (1984-ին): Այժմ Սեմենցան աշխատում է ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան համալսարանում, զբաղվում է մանկաբուժությամբ, կենսաքիմիայով եւ օնկոլոգիայով: Բժշկության աշխարհում 63-ամյա Սեմենցային ճանաչում բերեց HIF-1-ի բացահայտումը, որը քաղցկեղային բջիջներին թույլ է տալիս հարմարվել ցածր թթվածնային պարունակությամբ միջավայրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ