News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառումներ էր անում փոքրիկ դագաղիկների մասին, արդեն բավական էր տվյալ նախարարին չվստահելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության անդամ Լիլիթ Հովակիմյանը։ Նշենք, որ «Առողջ Հանրություն» ՀԿ անդամները եւ Ռեֆորմիստների կուսակցության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում Առողջապահության նախարարության դիմաց։ Նրանք դժգոհում էին վերջին շրջանում երկրում հաճախակի մանկական ու մայրական մահացությունների ավելացման դեպքերից։

«Մենք կարեւորագույն ոլորտում ունենք այնպիսի մի նախարար, որը անպատասխանատու է։ Ես չեմ վստահում այդ նախարարին։ Այնպես չի որ ոչ մի նախարարի ժամանակ ծննդկանի եւ նորածնի մահ չի եղել, բայց տարին մեկ կամ երկու անգամ, այս հաճախականությամբ երբեւիցե չի եղել։ Այն որ ինքը գրառումներ է անում փոքրիկ դագաղիկների մասին, արդեն բավական էր տվյալ նախարարին չվստահել։ Նա մարդուն վերաբերում է որպես պրոդուկտ։ Յուրաքանչյուր կնոջ, որը պատրաստվում է մայրանալ իր համար այդ ամենը սթրես է, երբ դու պատկերացնում ես, որ գնալու ես ընկնես ոչ պրոֆեսիոնալ մասնագետի ձեռքը կամ դուրս կգաս ողջ կամ կիջնես անատոմիկ»,- ասաց Լիլիթ Հովակիմյանը։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ իրենց կուսակցությունն առաջարկում է ստեղծել անկախ հանձնաժողով, որի մեջ ներգրավված կլինեն մարդիկ, որոնք չունեն կուսակցական պատկանելիություն, բժիշկներ, բժշկական հասարակական կազմակերպություններ, ակտիվ հասարակական գործիչներ, որոնք կուսումնասիրեն բոլոր դեպքերը. «Արդյունքում` նաեւ հանրության վստահությունը վերականգնվի: Սա չափազանց լուրջ խնդիր է, եւ յուրաքանչյուրս կարող ենք առնչվել այս հարցին»։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն ասաց՝ իրենց պահանջն է, որ Առողջապահության նախարարությունը ծննդկանի եւ մանկան մահացության բոլոր դեպքերը քննարկման առարկա դարձնի ոչ միայն իրավապահ կառույցների կողմից, այլ նաեւ նախարարության ստեղծված առանձին հանձնաժողովների կողմից. «Ի վերջո, բացահայտվեն պատճառները։ Ոչ միայն մահացության դեպքերն են անհրաժեշտ լսելի դարձնել, այլ նաեւ այն բոլոր դեպքերը, որոնք, օրինակ, հետպատվաստումային  օրերին, որ երեխաները հայտնվում են հիվանդանոցներում։ Չի կարելի հենց այնպես, առանց հետազոտություններ կատարելու, պարզապես ինչ-որ արդյունքներ ցույց տալու համար հայտարարել, որ պատվաստումներն այստեղ դեր չուներ։ Ես հանրությանը կոչ եմ անում, որ ազգային օրացույցով պատվաստումները ստանան, բայց եւս մեկ կոչ եմ անում՝ պահանջեք, որ ձեր երեխաներին լիարժեք հետազոտեն մինչեւ պատվաստանյութ անելը։ Այստեղ կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան, մենք այս ակցիան իրականցնում ենք որպես ծնողներ, ովքեր պատասխանատու են յուրաքանչյուր երեխայի համար»։

Նա նշեց, եթե իրենց պահանջը չիրականացվի, ապա այդպիսի բողոքի ակցիաները լինելու են շարունակական։

Տպել
Ամենաշատ