News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուս հայտնի գրող, կինոդրամատուրգ, հասարակական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի վերջին ցանկության համաձայն, Արցախի Շուշի քաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան այգում տեղի է ունեցել նրա աճյունափոշու մի մասի հուղարկավորությունը։ Հոկտեմբերի 3-ին նրա աճյունը հուղարկավորել են «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում։ Հոկտեմբերի 5-ին Արցախում իրականացվել է Կիմ Բակշիի ցանկությունը։

Կիմ Բակշին իր կտակում խնդրել էր, որ իր աճյունը ցրեն Հայաստանում (Գառնիի կիրճում) եւ Արցախի Շուշի քաղաքում։ Կիմ Բակշիի կտակում, մասնավորապես, ասվում է․ «Խնդրում եմ իմ մահից հետո կատարել բոլոր անհրաժեշտ քրիստոնեական ծեսերը։ Խնդրում եմ անպայման ինձ դիակիզել եւ իմ աճյունափոշին բաժանել երկու մասի։ Մի մասը թաղել Պյատնիցկու գերեզմանոցում, որտեղ ես տեղ ունեմ, իսկ երկրորդ մասը փոխանցել իմ ընկեր Սուրենին։

․․․Թե ինչ անել իմ աճյունի հետ Հայաստանում, թողնում եմ Սուրենի հայեցողությանը։ Իհարկե, ես չէի ուզի հանդիսավոր հուղարկավորություն եւ էլիտար գերեզմանոց, ավելի լավ կլինի աճյունը ցրել հետեւյալ տեղերից մեկում՝ Գառնիի կիրճում, կամ Շուշի քաղաքում, կիրճում, որտեղ Գրիգորի Արկադեւիչ Գաբրիելյանցի տունն է։ Իմ այս նամակով եւ վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին երեսուն տարի ծառայելու ընթացքում։ Կիմ Բակշի․ 04․11․2014թ․»։

Սակայն, քանի որ Հայ առաքելական եկեղեցու օրենքներով արգելվում է մահացածի աճյունափոշին ցրել, իրականացվել է հուղարկավորություն։

Բակշիի կտակը կյանքի է կոչվել Ռուսաստանի հայերի միության ջանքերով։ Հուղարկավորության արարողությանը մասնակցել են գրողի ազգականները եւ ընկերները, նրա ստեղծագործության երկրպագուները, հանրապետության իշխանությունների եւ հասարակայնության ներկայացուցիչները, ՌՀՄ պատվիրակությունը։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի խոսքերով, նույնիսկ իր մահից հետո Կիմ Բակշին շարունակում է մնալ հավատարիմ ընկերոջ օրինակ եւ հիշեցնում է՝ ինչպես պետք է սիրել եւ հավատարիմ լինել ժողովրդին։

«Մենք հավաքվել ենք, որպեսզի կատարենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի կտակը։ Դա մեծ պատիվ է, որ հայ ժողովուրդը նման բարեկամներ ունի, որոնք խնդրում են, որպեսզի մահվանից հետո իրենց աճյունի մի մասը բերեն Հայաստան կամ Արցախ։ Այս տեղը կդառնա սրբավայր, իսկ զբոսաշրջիկները, այցելելով այստեղ, կիմանան, թե որքան է օտարերկրացին սիրել հայ ժողովրդին»,- նշել է նա։

Գրողի ընկեր Սուրեն Սարգսյանն ասել է, որ Կիմ Բակշիի կամքով նրա հոգու եւ մարմնի մի մասը հուղարկավորված է արցախյան հողում․ «Կիմ Նաումովիչը մեր երկրի իսկական հավատարիմ ընկեն է։ Բակշին իր կյանքի 50 տարիները նվիրել է Հայաստանին, նա սիրահարված էր Հայաստանին։ Ինձ մեծ պատիվ է վիճակվել լինել Կիմ Բակշիի ընկերը, այդ ճակատագիրն է նվիրել ինձ նրա հետ հանդիպումը, եւ մեր ընկերությունը շարունակվել է մոտ 30 տարի։ Ես հպարտ եմ նրանով, որ նա ինձ դարձրել է իր կտակի կատարողը»։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքերով, իր կողմից ղեկավարվող քաղաքի համար մեծ պատիվ է, որ մեծ հայագետի եւ հայ ժողովրդի բարեկամի աճյունը թաղված է Շուշիում․ «Մենք պետք է հպարտանանք, որ օտարերկրացին այնքան է սիրել է Հայաստանն ու Արցախը, որ մահվանից հետո չի ուզել բաժանվել հայկական հողից։ Իր կտակով Կիմ Բակշին փորձել է վերջին անգամ ինչ-որ օգտակար բան անել Հայաստանի եւ Արցախի համար»։

Հիշեցնենք, որ Կիմ Բակշին մահացել էր Մոսկվայում՝ 2019թ․ մարտի 5-ին, 88 տարեկան հասակում։ Գրողի հետ հրաժեշտի արարողությունը կատարվել է Մոսկվայի Կոսմայի եւ Դամիանի վանքում։

Իր գրական գործունեությունը Կիմ Բակշին սկսել է 1957թ․, երբ սկսեց ակնարկներ եւ պատմվածքներ հրապարակել խոպան հողերի մասին, որտեղ նա տրակտորավար եւ կոմբայնավար էր աշխատել։ 1963թ․ Բակշին տարվել է Հայաստանի հինավուրց մշակույթի ուսումնասիրությամբ եւ ողջ կյանքում հավատարիմ է մնացել հայկական թեմային։ Հանրությանը հայոց պատմության, մշակույթի, ժողովրդի հոգեւոր արժեքների, նրա բազմադարյան ավանդույթների, հրաշալի բնության, հոյակերտ հուշարձանների հետ ծանոթացնելը դարձել էր նրա առաքելությունը։

Հայ-ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման իր բազմամյա գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական պարգեւի՝ Պատվո շքանշանի: Նա ՀՀ Պետական մրցանակի, ՀՀ գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի, «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի դափնեկիրն է: Նա նաեւ ստացել է Մովսես Խորենացու անվան մեդալ (2001), պարգեւատրվել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Պատվավոր շքանշանով» (2006): Բակշին «Կարպիս Փափազյան» մրցանակի դափնեկիր է: Ռուսաստանի հայերի միությունը նրան պարգեւատրել է «Արծաթե խաչով», ավելի ուշ՝ «Ոսկե խաչով»:

Կիմ Բակշին ավարտել է ՄԳՈւ-ն, 1963-ից զբաղվել է Հայաստանի հնագույն եւ ժամանակակից մշակույթի ուսումնասիրությամբ, ուսումնասիրել է Մատենադարանում պահվող ձեռագրերը, ինչպես նաեւ հնագույն գրքեր աշխարհի խոշորագույն գրադարաններում:

Նրա սցենարների հիման վրա նկարահանվել են ավելի քան 50 փաստագրական եւ գիտահանրաճանաչ ֆիլմեր, որոնցից մի քանիսը միջազգային եւ տարածաշրջանային մրցանակների են արժանացել, դրանց թվում՝ «Մատենադարան» 20 սերիանոց ֆիլմը, որի համար նա սցենար է գրել ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի համահեղինակությամբ (արժանացել է ՀՀ մրցանակի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային մրցանակի):

Նրա վերջին գիրքը՝ «Արցախի հոգեւոր գանձերը» թարգմանվել է հայերեն:

«Իմ գրքերն ինձ համար թանկ են, հատկապես՝ վերջինը: Այն թարգմանվել է հայերեն: Ես միշտ ցանկանում էի, որ իմ գրքերը կարդա մի ժողովուրդ, որի մասին ես գրում եմ: Այդ գիրքն ինձ համար թանկ է նաեւ այն պատճառով, որ հայկական հրատարակությունն ավելի լավն է ռուսերեն տարբերակից»,- հարցազրույցներից մեկում պատմել է Բակշին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ