News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աշխարհի IT մայրաքաղաքն այս օրերին Երեւանն է։ Երեկ Հանրապետության Հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը։  Պատմության մեջ առաջին անգամ միջազգային նվագախումբը, որ կազմված էր մասնակից երկրների երաժիշտներից, կատարել է արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտությունը։ Մյուս անակնկալը մեգաաստղ Արմին Վան Բյուրենի համերգն էր ։

Համաժողովը պաշտոնապես բացվեց այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր կնոջ եւ դստեր հետ, ներկա էին նաեւ կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ։ Համաժողովին ընդառաջ Փաշինյանը ողջույնի խոսք ասաց, ապա շրջեց IT տաղավարներով ։ Երևանյան համաժողովին մասնակցում է ավելի քան 2500 մասնագետ՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019»-ի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ 

Երեւանը նաեւ հյուրընակլում է մեգաստղերի՝ այստեղ են ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը, պատվավոր հյուր է նաեւ Քիմ Քարդաշյանը, որ ժամանել է քրոջ եւ երեխաների հետ։ Ի դեպ, նրան լրագրողների ժամեր սպասել էին Զվարթնոցում եւ այդպես էլ չէին կարողացել զրուցել հեռուստասղի հետ։ Քիմը դժվար ճամփորդությունից հետո հոգնած էր եւ տրամադրված չէր խոսելու ։ Այսօր արդեն նա օրը անցկացրեց տեսախցիկների առաջ, գլխավոր իրադարձությունը Էջմիածնում էր, այնտեղ մկրտեցին Քիմի տղային՝ անվանակոչելով Վարդան։ 

Այսօր մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական եւ մշակույթի, սպորտի գործիչներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, դադարեցել հակասահմանադրական գործընթացը եւ զերծ մնալ հակապետական գործողություններից։ «Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է։ Ավելին․ վերջին օրերի կալանավորումներն ազդակ դարձան առ այն, որ իշխանություններն իրենց տարատեսակ նպատակներին հասնելու համար կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և ունակ են դիմել ռեպրեսիաների դատապարտելի միջոցին»,- հայտարարել են նրանք՝ զգուշացնելով, որ եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը հայտնվելու է լուրջ սպառնալիքի տակ։

Այսօր մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր։ Մեկնարկին Ռոբերտ Քոչարյանը, մյուս նախկին պաշտոնյաները եւ նրանց պաշտպանները մի քանի րոպե կանգնած մնացին՝   ի նշան բողոքի դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ ։ Բողոքի մի ակցիա էլ եղավ դահլիճում՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները «վնգստալու արվեստը» գրությամբ պաստառներ պարզեցին ։ Դատավոր Աննա Դանիբեկյանին Քոչարյանի պաշտպանական թիմը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն։ Ըստ փաստաբան Ալումյանի՝ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել եւ նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Մի միջնորդություն էլ ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանը, նա միջնորդեց վերացնել Գևորգյանի խափանման միջոցը եւ թույլատրել նրան մեկ շաբաթով մեկնել Ավստրիա՝ բուժզննման նպատակով։ Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ այդ ընթացքում մտադիր է նաեւ գործնական բանակցություններ վարել, խոշոր ներդրումներ ապահովել ։ Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, այն կհրապարակվի հոկտեմբերի 8–ին։

Խոշոր ներդրումների եւ դրա արգելքների մասին Արմեն Գեւորգյանը խոսեց նաեւ Դատարանի դահլիճից դուրս։ 

«Հայելի» մամուլի ակումբի եւ նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա հարձակվելու փաստով քրեական գործը ուղարկվել է քննչական կոմիտե։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին 4 երիտասարդ, վրդովված, որ կայքը հրապարակել է Փաշինյանի դեմ, ըստ նրանց, ադրբեջանամետ հոդված, ձվեր էին նետել խմբագրության վրա։ Բազմաթիվ իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ այս հարձակումը որակել են որպես ոտնձգություն ազատ խոսքի դեմ՝ հանցանք, որ պետք է անպատիժ չմնա։

«Վետոյի» ղեկավար Ներակ Մալյանը հրապարակել է այս տարվա մարտ ամսին իր առեւանգման փորձի տեսանյութը, որը մինչ այս հրապարակված չի եղել եւ այլ ռակուրսից է ցուցադրում առեւանգման նախապատրաստությունը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են «Ռեստարտի» անդամները դարանակալում Մալյանի տան մուտքի մոտ, ապա հարձակում գործում նրա վրա։ Մալյանը նաեւ հայտարարել է, որ տեսանյութի երիտասարդները կամ ըստ նրա՝ սորոսական խուլիգանախումբը առ այսօր ազատության մեջ է եւ հետեւթյուն է արել, որ  մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար։

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այն արդեն ստացել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ կներկայացվի վարչապետի աշխատակազմ: Հիշեցնենք՝ Տրդատ Սարգսյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա ռազմավարական զորավարժություների ավարտից հետո։ Մարզպետի օգնականը մեղադրվում է սպային դաժան ծեծի ենթարկելու համար, Տրդատ Սարգսյանն էլ չնայած հերքում է իր առնչությունը այդ միջադեպին, բայց որոշել էր թողնել պաշտոնը՝ ի նշան քաղաքական պատասխանատվության ։ Նա քրեակական այդ գործով ունի վկայի կարգավիճակ։ 

Վանաձորում երեք երիտասարդների սպանության գործով կասկածյալը այսօր  կալանավորվեց եւ տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք՝ արյունոտ հրաձգությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին Վանաձորի տներից մեկի նկուղում։ Ըստ նախնական տվյալների՝ ժամը 23։40-ին վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդն «Մակարով» ատրճանակից կրակոցներ է արձակել վիճաբանության մասնակիցների վրա։ 2 երիտասարդ մահացել էր տեղում, 3-րդը հիվանդանոցի ճանապարհին, 5-ը ստացել են հրազենային տարբեր վնասվածքներ։ 

Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչը կասկածվում է ահռելի գումար՝ 122 միլիոն դրամ հափշտակելու համար։ Դրամարակղում պակասորդը հայտնաբերելուց հետո բանկը դիմել է ոստիկանություն։ Ոստիկաններն էլ պարզել են կասկածյալի ինքնությունը․ Արարատի մարզի 38-ամյա բնակիչը, որ նույն մասնաճյուղի կառավարիչն է, հոկտեմբերի 6-ին հայտնաբերվել է Երեւանում եւ ձերբակալվել։

Ոստիկանները մարդու օրգանի ապօրինի շրջանառության դեպք են բացահայտել։ Պարզվել է, որ Հայաստանի մի քաղաքացի ստացել է եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր եւ մեկնել։ Այնտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա օրգանը՝ երիկամը։ Տվյալ անձը ցուցմունք է տվել, որ երիկամի առուվաճառքի շուրջ բանակցել է իրեն դիմած մի մարդու հետ։ Նրա կազմակերպմամբ մի քանի անգամ մեկնել է եվրոպական տվյալ երկիր բժշկական հետազոտություն անցնելու եւ ըստ ցուցմունքի՝ հերթական անգամ երբ իրեն տեղափոխել են Եվրոպա, այնտեղ օգտվելով լեզվին չտիրապետելու, միայնակ լինելու  հանգամանքից, օգտագործելով նաեւ պարտքային կախվածությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ նրան վիրահատել են։ Ոստիկանությունը պարզել է այս հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունը։ Հարուցվել է քրեական գործ մարդու օրգանների ապօրինի շրջանառության հոդվածով։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները կլքեն տարածաշրջանը մինչև թուրքական բանակի գործողությունների մեկնարկը: Թրամփի վարչակազմն այս հայտարարությունը  տարածել է կիրակի ուշ երեկոյան` ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից 

մի քանի ժամ անց: «ԱՄՆ-ը չի աջակցի և չի ներգրավվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից երկար ժամանակ պլանավորված գործողությանը: Դրա մեկնարկի պահին ամերիկյան զորքերն այլևս այդ շրջանում չեն լինի», - հայտարարել են Սպիտակ տնից: ԵՄ-ն բացասաբար է արձագանքել Թուրքիայի նախապատրաստվող ռազմարշավին։ «Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունների վերսկսկումը ոչ միայն վատթարացնում է քաղաքացիական բնակչության դրությունը, այլ նաեւ խզում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը

ԱՄՆ նախագահ Թրամփը խստացրել է քննադատությունը իմփիչմենթի գործընթաց նախաձեռնած դեմոկրատների նկատմամբ։ Նա կարծում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաեւ նրանց համախոհները արժանի են իմփիչմենթի։ «Փելոսին բոլոր առումներով մեղավոր է, ինչպես Շիֆը, առանձնապես ծանր եւ աննշան հանցագործությունների եւ անգամ պետական դավաճանության համար»,- Twitter-յան իր էջում գրելէ Թրամփը՝ հավելելով, որ նրանց պետք է անհապաղ իմփիչմենթ հայտարարել: Հիշեցնենք, ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը ներկայացրել էր պաշտոնական բողոք, ըստ որի՝ Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինացի պաշտոնակցից պահանջել էր, որ Կիևը հետաքննի նախկին փոխնախագահ Բայդենի և նրա որդու` Հանթերի բիզնես գործունեությունը Ուկրաինայի տարածքում: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի գործընթաց են սկսել Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով Բայդենին վարկաբեկելու փորձի եւ դրա միջոցով ընտրություններին միջամտելու համար: Թրամփը հերքում է մեղադրանքները։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 522 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 586, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 34 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը զգալի փոփոխություններ չի գրանցի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +28+30։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ