
Իսրայելում հայտնաբերել են տարածաշրջանում հնագույն եւ խոշոր քաղաքի ավերակները։ Դրանք գտնվել են Թել Ավիվից 50 կմ հեռավորության վրա, 5000 տարեկան են, հաղորդում է BBC-ը:
Քաղաքում մոտ 6 հազար մարդ է բնակվել, այն արդեն անվանում են «բրոնզե դարի Նյու Յորք»: Քաղաքում եղել են փողոցներ, թաղամասեր, տաճար եւ բնակչությանը պաշտպանելու համար պարիսպներ: Բացի այդ, հնագետները բացահայտել են, որ այդ վայրում մարդիկ ապրել են նույնիսկ 7000 տարի առաջ:
Իսրայելցի հնագետները վկայում են, որ այն պատմության տվյալ փուլի ամենանշանակալի գյուտն է։ Քաղաքը, որ հայտնի է Էն-Էսուր անվամբ, զբաղեցնում է մոտ 65 հեկտար, ինչը երկու անգամ մեծ է այդ դարաշրջանի ցանկացած այլ հայտնի բնակավայրից: Իսրայելի հուշարձանների վարչության հաղորդմամբ՝ քաղաքում փողոցներ, նրբանցքներ, բնակելի եւ առեւտրային թաղամասեր են եղել:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են սափորների, գործիքների մոտ 4 մլն բեկորներ, դրանցից շատերը բերվել են Եգիպտոսից, հայտնաբերվել են նաեւ մարդկանց եւ կենդանիների հազվագյուտ արձանիկներ: Բացի այդ, պեղումների վայրում կենդանիների այրված ոսկորներ են հայտնաբերվել, ինչը հիմքեր է տալիս կարծելու, որ այդ վայրում զոհաբերություններ են արվել:
Ամենայն հավանականությամբ, այդ տեղանքը մարդկանց գրավել է ջրի երկու աղբյուրի առկայությամբ: Բացի այդ, քաղաքը շրջապատված է գյուղատնտեսությանը պիտանի հողերով:
Այդ վայրում պեղումները շարունակվում են արդեն 2,5 տարի, հնագետներին օգնում են մոտ 5․000 երիտասարդներ եւ կամավորներ:
Հնագույն քաղաքը պատահաբար է հայտնաբերվել՝ նոր մայրուղու կառուցման ժամանակ: Մայրուղու ուղղությունը փոխվել է՝ հնավայրը չվնասելու համար: