News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, շարունակվեց 2019 թվականի ապրիլի 5-ին գնդապետ Ջոնի Սամսոնյանի  վրա մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի գործով դատական նիստը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հարություն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. ապրիլի 5-ին ժամը 8-ի սահմաններում Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 90-րդ շենքի 1-ին հարկի շքամուտքում, նախապես իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերած եւ ապօրինի կերպով պահած, ռազմամթերք հանդիսացող 7,6 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված, նախկին ԽՍՀՄ 1941թ. գործարանային արտադրության «Նագան» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակով երկու կրակոց արձակելու եղանակով փորձել է սպանությամբ` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Ջոնի Սամսոնյանին` կապված վերջինիս կողմից իր ծառայողական գործունեության հետ, սակայն հանդիպել է տուժողի դիմադրությանը եւ հանցանքն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով: Նրան մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի մաս 2-ի կետ 2 (հանցափորձ, սպանություն), ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի մաս 1 (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Մեղադրյալ Հարություն Սարգսյանի խոսքով՝ ինքը չի ցանկացել սպանել գնդապետին, այլ միայն վախեցնել։ Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բանվոր-վարորդի պաշտոնից ազատվելու հանգամանքն է իրեն դրդել նման քայլի դիմել։

«Ես ինձ առաջին մեղադրանքով մեղավոր չեմ ճանաչում, իսկ երկրորդ մեղադրանքով ճանաչում եմ։ Այո, ապօրինի զենք էր, որը 29 տարի խնամքով պահպանել եմ, նույնիսկ ապրիլյան պատերազմին են հետս տարել։ Ապօրինի զենքի մեղադրանքով ինձ մեղավոր ճանաչում եմ, սպանության փորձի մեղադրանքով միանշանակ մեղավոր չեմ ճանաչում, որովհետեւ կան հանգամանքներ, որոնք դատավարության ընթացքում կպարզվի։ Եթե ես ուզենայի սպանել, հաստատ կսպանեի»,– այսօր դատարանում հայտարարեց մեղադրյալը։

Դատարանի առաջարկությամբ տուժող, գնդապետ Ջոնի Սամսոնյանը ցուցմունք տվեց։ Նա նշեց, որ դեպքից առաջ ինչպես մյուս զինծառայողների հետ, այնպես էլ Սարգսյանի հետ եղել են Ներքին ծառայության կանոնագրքի պահանջներին համապատասխան հարաբերություններ. «Անձնական որեւէ այլ հարաբերություններ չեմ ունեցել, դեպքից հետո առավել եւս։ Նրա հանդեպ հիմա էլ թշնամություն չունեմ»։

Նա պատմեց, որ Հարություն Սարգսյանի վերաբերյալ ՊՆ-ում եղել է 2 ծառայողական քննություն, եւ պատմեց, թե ինչն է հիմք հանդիսացել, որ գնդապետը վարորդ-բանվորին ազատի աշխատանքից. «Մի օր գումարտակի հրամանատարի ԺՊ-ն եկավ, ինձ զեկուցեց, որ էլ չի դիմանում, էլ չի կարող հանդուրժել Սարգսյանի պահվածքը։ Ասաց՝ հրաման էի տվել, որ 12։30-ին պետք է անցկացնեմ մեքենաների շարային ստուգատես։ Շարայինի ժամանակ պարոն Սարգսյանը հրաժարվել է շարք գալուց, այսինքն՝ չի կատարել հրամանը։ Ես հրաման տվեցի, որ զեկուցագիր գրի նշված դեպքի վերաբերյալ՝ ծառայողական քննություն անցկացնելու համար։ Անցկացվեց ծառայողական քննություն, եւ ինձ մանրամասները զեկուցեցին։ Ծառայողական քննության ընթացքում նաեւ պարզվեց, որ իր դասակի հրամանատարը բնութագրում է շատ բացասական ձեւով։ Ասացին, որ նա ունի ագրեսիվ պահվածք, երբ վրդովվում է, ասում է՝ կխփեմ, կգնամ, կնստեմ, կորցնելու բան չունեմ։ Զեկուցեցին նաեւ, որ գրպանում դանակ է պահում՝ 9 սանտիմետր երկարությամբ։ Այն հանգամանքից, որ 1 տարի առաջ արդեն սկսվել էր ծառայողական քննություն, ես ուսումնասիրեցի եւ տեսա, որ կրկին կա բացասական բնութագիր։ Ծառայողական քննության մեջ պարզ դարձավ, որ նա ծաղրել է իր վաշտի տեխնիկին, նրա բատինկաները ճռճռացել է քայլելու ընթացքում, նա ասել է՝ սեզոնային սպասարկումը նորմալ չէ, ճռճռում են բատինկեքդ։ Բոլոր բնութագրերից եզրակացնելով, որ այդ ամենը կարող է վատ ավարտվել, իմ բառերն եմ ասում՝ մի օր մեկին խփելու է, գնանք բոլորս դատվենք։ Համաձայն աշխատանքային օրենսգրքի, ես իրավունք ունեմ աշխատակցին անվստահություն հայտնել։ Նշված հոդվածով էլ նրան զորացրել եմ զինված ուժերից»։

Տուժողը պատմեց նաեւ ապրիլի 5-ին տեղի ունեցած դեպքը.

«Այդ օրը սովորական ժամից ավելի ուշ դուրս եկա տնից։ Լիֆտից դուրս եկա, մեկը հետեւիցս ասաց՝ կանգնի արա, մտածեցի՝ երեւի մուրացկան է։ Շարունակում էի ճանապարհս, ու այդ միջոցին հայհոյանք հնչեցրեց, թեքվեցի, ու հանեց ատրճանակը։ Զենքը պահեց ինձ վրա, ասաց՝ չոքի, ես առաջ եկա ու կրակեց ոտքիս, հետո կրկին առաջ եկա, կրակեց փորիս, հաջորդ քայլով ես հասա իրեն, բռնեցի զենքը, մատս դրեցի ձգանի հետեւը, թույլ չտվեցի, որ կրակի։ Հետո հրմշտեցինք իրար, ես նրան բռնեցի, եւ սպասեցի՝ մինչեւ գան իրավապահ մարմինները։ Նշեմ, որ նա կապիշոնով էր, ես իրեն չեմ ճանաչել այնքան ժամանակ, մինչեւ չեմ մոտեցել իրեն։ Հետո մոտեցան հարեւանները, իմ աշխատակից ընկերները եւ վարորդս, ականատեսները։ Մինչեւ ոստիկանների ժամանելը նա ինձ ասաց՝ արխային, մեկ ա, ես խփելու էի, գնայի հանձնվեի»։

Մեղադրյալը պատմեց, որ զորամասում գնդապետը թույլ չի տալիս ամուսնական մատանիից բացի այլ մատանի կրել, որն իրեն վիրավորել է, քանի որ դա իր «թալիսմանն է» եղել, իսկ տուժող կողմն ասաց, որ զորամասում թույլատրվում է կրել միայն ամուսնական մատանի՝ անվտանգության նկատառումներից ելնելով. «Դա ամուսնական մատանի չէր, ուներ 2 սանտիմետր շրջանակ»։

Դատարանը հաջորդ նիստին կլսի նաեւ վկաներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ